Նիկոլ Փաշինյանը եւս ոչ լեգիտիմ է. Փոստանջյան


Նիկոլ Փաշինյանը եւս ոչ լեգիտիմ է. Փոստանջյան
Հոկտեմբեր 18 17:44 2019

Հրայր Թովմասյանի ընտանիքի նկատմամբ հետապնդումն ու ճնշումները արժանի են դատապարտման: Այս մասին ԱԱԾ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Հիշեցնենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի նկատմամբ գործողությունների դեմ ակցիան կազմակերպվել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի կողմից: 

«Հրայր Թովմասյանի նկատմամբ հատուկ հետապնդում է իրականացվում»,- նշեց Փոստանջյանը՝ հիշեցնենլով, որ նախկինում իշխանությունները կոչ էին անում արգելափակել դատարանները, կաշառել դատավորներին, այժմ էլ որոշել են ընտանիքի անդամների դեմ ճնշումներ իրականացնել: «Տարեց հիվանդ հորն ու երեխաներին ԱԱԾ կանչել...Եվ, ընդհանրապես, ԱԱԾ-ն այդ ամենի հետ ի՞նչ կապ ունի: էնկավեդե, ԿԳԲ, ԱԱԾ, ոչինչ չի փոխվել»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա, Փոստանջյանի խոսքով, ներկայիս պայմաններում ոչ բոլորն են համապատասխանում դրա ստանդարտներին: «Եթե Նիկոլ Փաշինյանի համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լեգիտիմ է, որվհետեւ իր կամակատարն է, ապա Հրայր Թովմասյանը, որը իր կամակատարը չէ, նույնպես պետք է լեգիտիմ լինի: ԻՆչ վերաբերում է իշխանության զավթմանը, ապա Հայաստանում իշխանություն դեռեւս չի ձեւավորվել»,- հավելեց Փոստանջյանը: Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը եւս ոչ լեգիտիմ է, քանի որ երկու անգամ իշխանության է եկել ոչ լեգիտիմ ճանապարհով՝ ընտրվելով իր կողմից քննադատվող սահմանդրությամբ, ապա քարոզարշավից 10 օր անց բղավել, թե կոպեկ առ կոպեկ կվերադարձնի ժողովրդից գողացված միջոցներն ու որեւէ ծրագիր չի ներկայացրել:

Փոստանջյանը նաեւ նշեց ժամանակավոր կառավարության ձեւավորման անհրաժեշտությունը: «Ինչպե՞ս կարող էր Փաշինյանն անկախ դատական համակարգի նկատմամբ «վնգստալ» արտահայտություն թույլ տալ»,- հարց ուղղեց Փոստանջյանը: