Իշխանություններն անցնում են պլան «բ»-ին. Հրայր Թովմասյանը կկալանավորվի՞․ «Փաստ»


Իշխանություններն անցնում են պլան «բ»-ին. Հրայր Թովմասյանը կկալանավորվի՞․ «Փաստ»
Հոկտեմբեր 18 08:46 2019

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՔԾ-ն հայտարարեց, որ ՀՀ ԱԺ պատգամավորի կողմից ՀՀ գլխավոր դատախազին ներկայացված հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին: 

Խոսքը Հրայր Թովմասյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու մասին է: Քննչական գործողություններ են կատարվել ՀՀԿ-ում ու ՍԴ-ում, ավելին՝ նույնիսկ ԱԱԾ են կանչվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը եւ երկու դուստրերը։ 

Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները սրանով չեն սահմանափակվելու: 

Հաշվի առնելով, որ օրինական եւ իրավական հիմքերով չեն կարողանում հասնել Թովմասյանի հրաժարականին, մեր աղբյուրների պնդմամբ, որոշում է կայացվել ամեն գնով նոր քրեական գործ հարուցել նրա նկատմամբ, եւ ցանկալի է՝ կոռուպցիոն բնույթի մեղադրանքով: 

Սրանով իշխանություններն ուզում են միանգամից մի քանի հարց լուծել. նախ՝ հանրությանը կմատուցեն «կոռուպցիոներ» Հրայր Թովմասյանի կերպար ու կփորձեն վարկաբեկել նրան, եւ երկրորդ՝ հիմքեր կստեղծեն կալանավորելու, ինչի արդյունքում կկասեցվեն նրա լիազորությունները թե՛ որպես ՍԴ դատավոր, թե՛ որպես ՍԴ նախագահ: 

Այդ նպատակով, ըստ մեր աղբյուրների, ներկայումս 4-5 քննչական խումբ է աշխատում Հրայր Թովմասյանի՝ նախկինում պաշտոնավարած բոլոր կառույցներում: 

Մեր տեղեկություններով, այս պահին դեռ ոչինչ չեն գտել, սակայն «վերեւից» հստակ հրահանգ կա՝ առավելագույն կարճ ժամկետում գտնել համապատասխան «փաստեր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում