Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբ


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել. ԵԱՀԿ Մինսկի խումբ
Հոկտեմբեր 17 20:31 2019

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնվել են մինչև տարեվերջ կրկին հանդիպել: Այս մասին ասվում է ԵԱՀԿ ՄԽ-ի տարածած մամլո հաղորդագրության մեջ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպշիկը հոկտեմբերի 14-ից 17-ն այցելել են տարածաշրջան:

Հոկտեմբերի 15-ին համանախագահները հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ հոկտեմբերի 17-ին Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, ինչպես նաև խորհրդակցություններ են անցկացրել երկու երկրների պաշտպանության նախարարների հետ: Այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ՝ ասվում է հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում համանախագահները հանդիպել են նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տեղի ներկայացուցչի հետ, որը ներկայացրել են հումանիտար իրավիճակը:  Երկու երկրների առաջնորդները համանախագահներին տեղեկացրել են Աշխաբադում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում,  իրենց վերջին զրույցի մանրամասները և   տեսակետներն են ներկայացրել կարգավորման գործընթացն առաջ մղելու վերաբերյալ: 

Համանախագահները ողջունել են հումանիտար և անվտանգության հատուկ միջոցառումների ձեռնարկման հեռանկարը՝ ուղղված հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն և լարվածություն նվազեցնելուն: Համանախագահները ևս մեկ անգամ ընդգծել են մշտադիտարկման առաքելության ծայրահեղ անհրաժեշտությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հովանու ներքո և կողմերին կոչ են արել լիարժեք սատարել վերջինիս  գործողություններին, ինչպես նաև  ապահովել մոնիտորինգային առաքելությունների հնարավոր խոչընդոտների անհապաղ վերացում:

«Արտաքին գործերի նախարարները հաստատել են մինչև տարեվերջ համանախագահների հովանու ներքո հանդիպման պատրաստակամությունը: Համանախագահները շուտով կմեկնեն Վիեննա՝ հանդիպելու ԵԱՀԿ մշտական խորհրդի և Մինսկի խմբի երկրների ներկայացուցիչներին»,-նշված է հայտարարության մեջ:

 

Թարգմանությունը՝ Aravot.am



loading...