ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով


ՀՀ և ԱՀ զինված ուժերում մահացության դեպքերը նվազել են 22 տոկոսով
Հոկտեմբեր 14 17:46 2019

Զինված ուժերում մահացության վիճակը, միտումները, հանգամանքները, հանգեցնող

պատճառներն օրինաչափորեն շարունակում են մնալ հանրության, քաղաքացիական

հասարակության, լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Հաշվի առնելով,

որ վերոնշյալի վերաբերյալ կանոնավոր պարբերականությամբ պաշտոնական

տեղեկատվություն է հայցվում նաև ՀՀ գլխավոր դատախազությունից՝ տեղեկացնում

ենք հետևյալը:

 

  2019թ. առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԱՀ

պաշտպանության բանակում մահացել է 39 զինծառայող: Նախորդ տարի նույն

ժամանակահատվածում արձանագրվել է զինծառայողների մահվան 50 դեպք: Այսինքն

ԶՈՒ-ում մահացության դեպքերը նվազել են 11-ով, կամ 22%-ով: Ընդ որում՝

նվազումն արձանագրվել է զինվորական ծառայության հետ կապված մահվան

դեպքերում:

 

  Մասնավորապես՝ այս տարվա ընթացքում մահվան դեպքերից զինվորական

ծառայության հետ կապված է եղել 16-ը: Դրանցից՝

 

  3-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ,

4-ը՝ սպանություններ,

5-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր,

1-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից,

1-ը՝ հիվանդությունից,

2-ը՝ դժբախտ պատահարից:

 

  Համեմատության համար նշենք, որ 2018թ. նույն ժամանակահատվածում տեղի է

ունեցել զինվորական ծառայության հետ կապված մահվան 27 դեպք: Այսինքն այս

տարի ընդհանուր առմամբ զինծառայության հետ կապված մահացության դեպքերը

նվազել են 40.7%-ով:

 

  Նախորդ տարվա 9 ամիսների պատկերը, ըստ պատճառների, եղել է հետևյալը.

 

  7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (այս տարի նվազումը՝

4-ով կամ 57%-ով),

1-ը՝ սպանություն (ավելացումը՝ 3-ով),

8-ը՝ ինքնասպանություններ և ինքնասպանության հասցնելու դեպքեր (նվազումը՝

37.5%-ով),

2-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարից (նվազումը՝ 1-ով կամ 50%-ով),

3-ը՝ հիվանդությունից (նվազումը՝ 2-ով կամ 66.6%-ով),

1-ը՝ դժբախտ պատահարից (ավելացումը՝ 1-ով կամ 50%-ով),

1-ը՝ ականի պայթյունից (նվազումը 1-ով կամ 100%-ով),

3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝ 3-ով կամ

100%-ով),

1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման հետևանքով (նվազումը՝

1-ով կամ 100%-ով):

 

  Այս տարվա առաջին 9 ամիսներին արձանագրվել է զինծառայության հետ չկապված

մահվան 23 դեպք: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում արձանագրվել էր

զինծառայության հետ չկապված մահվան նույնքան դեպք:

 

  Ըստ պատճառների՝ պատկերը հետևյալն է.

 

  8-ը՝ հիվանդություններից (2018թ. 9 ամիսներին՝ 9 դեպք),

12-ը՝ ծառայության հետ չկապված ավտովթարներից (11 դեպք),

3-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնելը (0 դեպք)

0՝ դժբախտ պատահարից (3 դեպք):

 

 

Համեմատական վերլուծությունը վկայում է, որ մահվան դեպքերի նվազումը

պայմանավորված է մի կողմից հայ-ադրբեջանական շփման գծում լարվածության

թուլացման միտումների պահպանմամբ, մյուս կողմից զինվորական

ստորաբաժանումներում սպայակազմի և անձնակազմի միջև ուղղղահայաց, ինչպես նաև

զինծառայողների միջև հորիզոնական հարաբերությունների բարելավման, մարտական

ծառայության կրման կանոնների պահպանման, ծանր և առանձնապես ծանր

հանցագործությունների կանխարգելման, հանցագործությունները ծնող պատճառների

չեզոքացման ուղղություններով քրեական հետապնդման մարմինների և զորամասերի

միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: