«Հե՜յ, բաց թողե՛ք ինձ, այստեղ մութ է». իռլանդացին իր թաղման օրը «ստիպել» է հարազատներին ժպտալ (տեսանյութ)


«Հե՜յ, բաց թողե՛ք ինձ, այստեղ մութ է». իռլանդացին իր թաղման օրը «ստիպել» է հարազատներին ժպտալ (տեսանյութ)
Հոկտեմբեր 14 16:31 2019

Նույնիսկ մահն անզոր է ուրախ և հումորով մարդու դեմ: Իռլանդացի Շեյ Բրեդլին իր կյանքի մայրամուտին յուրահատուկ ձև էր ընտրել հրաժեշտ տալու իր հարազատներին ու մտերիմներին, գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ Շեյ Բրեդլին մահացել է հոկտեմբերի 8-ին՝ տևական հիվանդությունից հետո:

Նա 4 զավակների հայր էր, Իռլանդիայի ինքնապաշտպանական ուժերի վետերան: Պապիկը մահվանից առաջ խնդրել էր, որ իր թաղման ժամանակ միացնեն ձայնագրությունը, որն ինքը ձայնագրել էր նախապես: Թաղման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 12-ին՝ Լեյնստերի գերեզմանատանը:

Գերեզմանում ձայնագրությունը միացնելուց հետո լսվել են թակոցներ և բղավոցներ. «Հե՜յ, բաց թողե՛ք ինձ այստեղից»: Չնայած վշտին՝ բոլորը մի պահ սկսել են ժպտալ, ապա բարձր ծիծաղել: 

Ձայնագրության մեջ պապիկն ասել է. «Ես հոգևորականի՞ եմ լսում, ի՞նչ է: Բաց թողե՛ք ինձ, սա Շեյն է: Հենց ձեր դիմաց, արկղում: Այստեղ մութ է: Ի՞նչ եք մտածել: Բաց թողե՛ք ինձ: Ես պարզապես ուզում էի հրաժեշտ տալ ձեզ»:

Հետո արդեն Շեյնի թոռնիկը հոլովակը տեղադրել է իր ֆեյսբուքյան էջում ու գրել, որ պապիկը միշտ ցանկացել է, որ հարազատները ժպիտով լքեն գերեզմանոցը, և դա նրա մոտ ստացվել է:

 Tert.am