«Արցախը անկախ պետություն է եւ վերջ». Էդուարդ Շարմազանով


«Արցախը անկախ պետություն է եւ վերջ». Էդուարդ Շարմազանով
Հոկտեմբեր 10 16:39 2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արցախը անկախ պետություն է եւ վերջ

Արցախյան բանակցությունների մեկնարկային փուլի հենց սկզբից հայկական դիվանագիտության գերխնդիրն է եղել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջացման իրացման միջոցով հասնել Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը:

Դեռեւս 1991թ. սեպտեմբերի 2-ի Անկախության հռչակագիրն ու 1991թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով Արցախում ապրող 107.648 մարդ կամ հանրաքվեին մասնակիցների 99 տոկոսը «այո» է ասել Արցախի անկախությանը:

Տրամաբանությունը հուշում էր, որ Հայաստանի «թավշյա» իշխանությունը Փաշինյանի գլխավորությամբ, պետք է շարունակեր ջանքեր գործադրել Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ: Բայց արի ու տես, որ Հայաստանի վարչապետի ուղեղում կամ աջաբսանդալ է, կամ նա գիտակցված անում է քայլեր, որոնք դեմ են հայկական կողմերի շահերին:

Նիկոլ Փաշինյանը սկզբում հայտարարեց է, թե մանդատ չունի Արցախի փոխարեն բանակցելու, հետո Դուշանբեում չգիտես ինչ պայմանավորվածություն ձեռք բերեց «կիրթ անձնավորության» հետ: Մեկ խոսեց լուծման անընդունելի զիջման տարբերակի մասին, մեկ էլ Ստեփանակերտում ոչ պակաս վտանագավոր ձեւակերպում բարձրաձայնեց՝ հարվածելով մեր բանակցային դիրքերին:

Ոչ պակաս վտանգավոր է Փաշինյանի լռությունը գրանտակեր, սորոսական-ահաբեկչական ուժերի կողմից «Արցախը Հայաստանի մարզ է» առաջին հայացքից ազգայնական թվացող, իրականում հակապետական կոչերի ֆոնին:

Նման անհեթեթ հայտարարությունները
ա Հայաստանը դարձնում են հակամարտող կողմ

բ. Քարտ բլանշ են տալիս Բաքվին. միջազգային հանրությունը կարող է մեղադրել Հայաստանին բանակցությունները տապալելու մեջ, ինչի մասին արդեն իսկ համանախագահ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է:

գ. Դիրքորոշումը, թե Արցախի Հանրապետություն գոյություն չունի, սատարելու է Բաքվի տարիների քարոզչությանը եւ հիմք է տալու ադրբեջանցիներին հասնել նրան, որ բոլոր հարթակներում Հայաստանը դիտարկվի որպես ագրեսոր:

դ. Զրոյացնում են այն ձեռքբերումները, որ ունեցել է Արցախի Հանրապետությունը անկախության հռչակումից ի վեր:

Եւ այս ամենն իրականացվում է Փաշինյանի եւ յուր ֆլեշմոբալայվային խրախճանքի ներքո:

Սթափվեք, պարոնայք, տարածաշրջանային պայթունավտանգ զարգացումների ֆոնին ձեր թեթեւամտությունը /չեմ ուզում մտածել, թե գիտակցված եք գործում/ աններելի է:

Հ.Գ. Արցախը անկախ հանրապետություն է եւ վերջ: Իսկ բոլոր նրանք, ովքեր այլ բան են պնդում, «դուխով» ջուր են լցնում «կիրթ եւ նորմալ գործընկերներոջ» ջրաղացին»:



loading...