Գործադիրը հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը


Գործադիրը հաստատեց ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023թթ. ռազմավարությունը
Հոկտեմբեր 10 15:11 2019

ՀՀ կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այն կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

 

«Ռազմավարությունում նախատեսված են արմատական փոփոխություններ՝ հատկապես դատական համակարգի արդյունավետության, անկախության և դատական իշխանությունում կոռուպցիայի դեմ պայքարի բնագավառներում: Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ դատական իշխանության և իրավական համակարգի առկա խնդիրները, միջազգային կառույցների և քաղաքացիական հասարակության դիտողությունները և առաջարկությունները, դատաիրավական բարեփոխումների միջազգային առաջադեմ փորձը, որոնց հիման վրա սահմանվել են Ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները»,- ասաց Գրիգորյանը:

 

Ռազմավարության հիման վրա կազմվել են երեք գործողությունների ծրագրեր՝ կարճաժամկետ (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2020 թվական), երկարաժամկետ (2021 թվականից մինչև 2023 թվականը) և էլեկտրոնային արդարադատության հարթակի ստեղծման և տվյալների էլեկտրոնային բազաների մատչելիության ապահովման վերաբերյալ առանձին գործողությունների ծրագիր (2019 թվականի 2-րդ կիսամյակից մինչև 2023 թվականը):