Թուրքական ներխուժմանն ընդառաջ հայ ընտանիքները հեռացել են Թել Աբյադից․ ԱԳՆ ներկայացուցիչ

Թուրքական ներխուժմանն ընդառաջ հայ ընտանիքները հեռացել են Թել Աբյադից․ ԱԳՆ ներկայացուցիչ
Հոկտեմբեր 10 14:57 2019

Թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկը հանդիսացող Թել Աբյադ բնակավայրում ապրող 16 հայկական ընտանիքներից 13-ը ինքնակամ հեռացել են և ցամաքային ճանապարհով տեղափոխվում են դեպի Հասակե քաղաք: Այս մասին «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց Արտգործնախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը:

ԱԳՆ ներկայացուցչի խոսքով, հայերը Սիրիայի հյուսիս-արևելյան շրջանում հիմնականում բնակվում են Կամիշլի քաղաքում, որտեղ այս պահին կա 400-420 ընտանիք, կամ մոտ 3000 հազար հայ:

«Կամիշլին երեկ մեկ անգամ ենթարկվել էր հրթիռակոծության, բայց Կամիշլիի հիմնական մասը գտնվում է Սիրիայի իշխանությունների տիրապետության ներքո, այնպես որ չեմ կարծում, որ թուրքական ներխուժումը հասնի մինչև սիրիական իշխանությունների տիրապետության տակ գտնվող շրջաններ», – նշեց Մելքոնյանը՝ շարունակելով․ ֊ «Դամասկոսում մեր դեսպանությունը մշտական կապի մեջ է համայնքի ղեկավարության հետ և նրանք այս պահին տարհանման ցանկություն չունեն, քանի որ այդպիսի վտանգ դեռևս չեն զգում»:

ԱԳՆ ներկայացուցիչը ընդգծեց, որ հաշվի առնելով զարգացումների անկանխատեսելի բնույթը, Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը և Հալեպում գլխավոր հյուպատոսությունը մշակում են բոլոր հնարավոր տարբերակները և եթե տարհանման անհրաժեշտություն առաջանա, դա կկատարվի:

«Այլ հարց է Թել Աբյադը, որտեղ 16 հայ ընտանիք կա և որը ենթարկվել էր ռմբակոծությունների և թուրքական ներխուժման գլխավոր թիրախներից մեկն է: Այնտեղ տուժածներ չունենք, բայց այսօր առավոտյան մեր ստացած տեղեկությունների համաձայն այդ 16 ընտանիքից 13-ը տարհանվել են՝ դուրս են եկել դեպի Հասակե ցամաքային ճանապարհով», – նշեց Մելքոնյանը:

Երեկ թուրքական բանակը ներխուժեց Սիրիայի հյուսիս֊արևելյան տարածքներ՝ հայտարարելով քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրության մասին:

Այսօր առավոտյան Հայաստանի արտգործնախարարությունը այս առնչությամ հաղորդագրություն է տարածել՝ դատապարտելով Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը՝ «որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի»:

Ավելի մանրամասն՝ azatutyun.am

loading...