«Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների ժամանակ բոլոր վարչական շրջաններում կհնչի բազմաոճ երաժշտություն


«Էրեբունի-Երևան 2801» միջոցառումների ժամանակ բոլոր վարչական շրջաններում կհնչի բազմաոճ երաժշտություն
Հոկտեմբեր 10 14:42 2019

«Էրեբունի-Երևան 2801»-ի միջոցառումներն իրականացվելու են Երևանի 12 վարչական շրջաններում:

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Տոնակատարություններն անցկացվելու են հոկտեմբերի 19-ին:

«Մենք նպատակ ունենք Երևան քաղաքը զարգացնել համաչափ և վարել ապակենտրոնացված քաղաքականություն: Այս միջոցառումներն իրականացնելու համար ունեինք հստակ խնդիր՝ փոքր կենտրոնում տեղի ունեցող մշակութային միջոցառումները հավասարապես բաշխել բոլոր վարչական շրջաններում»,- ասաց Վիրաբյանը:

Նրա խոսքով՝ 12 վարչական շրջանում էլ տեխնիկական հագեցվածությունը նույնն է լինելու:

«Այս տարի հրաժարվել ենք Հանրապետության հրապարակում մեկ բեմահարթակում իրականացվող միջոցառումից, քանի որ երբ այն կենտրոնանում է մեկ վայրում, ամբողջ քաղաքը զրկվում է բոլոր վարչական շրջաններում հավասար ու լավ որակի միջոցառումներ ունենալու հնարավորությունից: Երևանի բոլոր հատվածներում լինելու են տարբեր ոճերի համերգային ծրագրեր»,- նշեց Երևանի փոխքաղաքապետը:

Վիրաբյանը տեղեկացրեց, որ Աջափնյակի բեմահարթակում կհնչի փոփ-էստրադային երաժշտություն, Ավան վարչական շրջանում մանկական, Դավթաշենում՝ ջազային, Էրեբունիում՝ ժողովրդական երգեր, Կենտրոնում՝ փոփ, Մալաթիա-Սեբաստիայում՝ էստրադային, Նոր Նորքում՝ էլեկտրոնային, Նորք-Մարաշում՝ ազգագրական, Շենգավիթում՝ հեղինակային, Քանաքեռ-Զեյթունում՝ ռետրո և Նուբարաշենում՝ ռոք երաժշտություն:

«Կենտրոն վարչական շրջանում անցկացվող համերգը չի լինելու Ազատության հրապարակում, այլ կլինի Սարյան փողոցում: Բոլոր վարչական շրջանների համար գրեթե նույն ֆինանսական միջոցներն են տրամադրվել։ Մրցութային փաթեթը ոչ թե մեկ, այլ 13 փաթեթով կազմակերպվել։ Այս տարի տոնակատարությունը կազմակերպելու հայտ է ներկայացրել 18 ընկերություն․հաղթել են նրանցից մի քանիսը։ Այժմ արդեն պայմանագրերի կնքման գործընթացն է իրականացվում, մեկ-երկու օրից փաստաթղթային հարցերն ավարտած կլինենք»,- ասաց Տիգրան Վիրաբյանը:
Նա ընդգծեց, որ լինելու է մեկ պաշտոնական միջոցառում՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Տվյալ համերգին մշակութային մասը կազմելու է 20-25 տոկոսը, ելույթ է ունենալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը՝ Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ:

«Լինելու է պրեմիերա՝ հնչելու է Տիգրան Մանսուրյանի՝ «Հետևիր արևին, արի Երևան» ստեղծագործությունը նվագախմբի և երգչախմբի կատարմամբ: Համերգի ընթացքում  կներկայացվի ֆիլմ՝ քաղաքային նոր իշխանությունների մեկ տարվա գործունեության մասին»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա պարգևատրում՝ Երվանդ Մանարյանին ու Միխայիլ Պիոտրովսկուն կտրվի «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում:



loading...