Երկրում ատելության տարածման մոդերատորը շատ հաճախ հենց Փաշինյանն է՝ իր «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հայտարարություններով ․ «Փաստ»


Երկրում ատելության տարածման մոդերատորը շատ հաճախ հենց Փաշինյանն է՝ իր  «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» հայտարարություններով ․ «Փաստ»
Հոկտեմբեր 10 08:02 2019

«Փաստ»-ը գրում է․

«Յուրաքանչյուր երկրի ներսում ստեղծված իրավիճակի համար առաջին հերթին պատասխանատու են այդ երկրի իշխանությունները։ 

Հենց իշխանության գործելակերպից է կախված՝ հասարակությունը կհամախմբվի՞ որոշակի գաղափարների շուրջ, թե՞ հասարակությունը շերտերի կբաժանվի և քաղաքացիների միջև բաժանարար գծեր կանցկացվեն։

 

Իշխանափոխությունից հետո Հայաստանի նոր իշխանությունները գնացին հասարակությունը սև ու սպիտակի բաժանելու ճանապարհով։ 

Եվ շատ անգամ հենց վարչապետ Փաշինյանն է ատելության տարածման մոդերատորը իր՝ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին հայտարարություններով։ 

Ուստի պատահական չէ, որ իրենց աչքի առջև ունենալով վարչապետի օրինակը՝ իշխանության աջակիցները ևս հետևում են թշնամանքի տարածման գործելակերպին՝ փորձելով ատելության տարածման և ճնշումների միջոցով լռեցնել յուրաքանչյուր ընդդիմադիր խոսք։

Թվում էր, թե իշխանությունները կփորձեն ինչ-որ պահի կանգ առնել, սակայն, ինչպես տեսնում ենք, ատելության ձնագունդը շարունակում է գլորվել և ավելի մեծանալ։ 

Իսկ հերթական քարոզչական թիրախավորման համար ուղղակի պատեհ առիթ է հարկավոր՝ նախկիններ, հակահեղափոխականներ, գործարարներ, Նիկոլին քննադատողներ, իհարկե՝ ԶԼՄ-ներ։

Ամենացավալին այն է, որ մենք մեր իրականության մեջ պարբերաբար փնտրում ու գտնում ենք թշնամիներ, «թուրքեր», դավաճաններ: 

Կարևորը՝ գործող իշխանությանը հակադրվող լինի, պիտակավորումը արագ տրվում է: 

Նման մթնոլորտը հանգեցրել է նրան, որ հասարակական որոշ շերտեր մորթելու, կախելու, գնդակահարելու կոչեր են անում, ճիշտ, ինչպես ժամանակին ԽՍՀՄ-ում անում էին կոլեկտիվ «դատերի» ժամանակ:

Վերջին օրերին հարձակման հերթական թիրախը Վիտալի Բալասանյանն է, ում հարցազրույցը որպես անամպ երկնքում ամպրոպ որոտաց: 

Դրա մանրամասներին չենք անդրադառնա՝ բավականաչափ տարածվել է: 

Սակայն եկեք ուշադրություն դարձնենք՝ ովքեր են հարձակվել Վիտալի Բալասանյանի  վրա՝ ամենախայտառակ կոչերով ու բնորոշումներով. 

լևոնտերպետրոսյանականները, սորոսականները և մի քանի «Նիկոլից ավելի նիկոլականներ»: 

Հա, գումարենք, բնականաբար, «Սասնա ծռերին», ու պատկերն ավելի ամբողջական կդառնա: 

Իսկ ամբողջական այս պատկերը թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ խնդիրներ է առաջ քաշել Բալասանյանը, ինչ վտանգների մասին է խոսել: 

Տոնայնությունն իսկապես խիստ է եղել, գուցե նաև կոպիտ: 

Հնարավոր է, որ Բալասանյանը ևս անցել է թույլատրելիի բոլոր սահմանները, սակայն վերոնշյալների արձագանքը համաչափ չէ հարցազրույցին: 

Ի վերջո, ասելիքի էությունը հարկավոր է դիտարկել երկարաժամկետ կտրվածքով, առկա մարտահրավերների ու դրանց դիմակայման կտրվածքով: 

Բալասանյանի հարցազրույցը ավելի շատ նախազգուշացնող բնույթ ունի։ 

Իսկ «Նիկոլից ավելի նիկոլականները» և «Սասնա ծռերը» փորձում են օգտագործել իրենց գործողությունները դատապարտող ցանկացած հարցազրույց կամ հայտարարություն՝ լայն գործողությունների դաշտ ձեռք բերելու համար։ 

Նրանք, զգալով իշխանության հովանավորությունը, հնարավորություն են ստանում իրենց իսկ վտանգավորությունը մատնանշողներին թիրախավորելու հետ մեկտեղ թշնամանքի նետերն ուղղել նաև մյուս ընդդիմադիր գործիչների ուղղությամբ։ 

Նշված շրջանակները ամեն կերպ փորձում են վարչապետին մղել կտրուկ գործողությունների՝ առանց մտածելու հետևանքների մասին։ 

Սակայն հիշենք, որ ժամանակին չսթափվելը և կանգ չառնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ առաջին հերթին մեր պետության համար, քանի որ թշնամության շարունակվող գեներացիան կարող է հանգեցնել բռնության նոր դրսևորումների և անգամ բախումների։

Հասկանալի է, որ որոշ ուժեր փորձում են ձուկ որսալ պղտոր ջրում, սակայն պետք է հաշվի առնել, որ հիմնական պատասխանատվությունը մնալու է այսօրվա իշխանության ուսերին։ 

Դեռ ժամանակ կա երկրում ստեղծված իրավիճակը փոխելու համար, սակայն եթե այս պրոցեսը մի քիչ երկար շարունակվի, ապա այլևս հնարավոր չի լինի այն կանգնեցնել։ 

Ամեն օր է պետք հիշել՝ թշնամին մեր սահմաններից դուրս է, այլ ոչ թե ներսում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...