Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում


Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել. քավորը մանրամասներ է պատմում
Հոկտեմբեր 9 16:31 2019

Այսուհետ Քիմ Քարդաշյանին հայ երկրպագուները կարող են Հեղինե Քարդաշյան կոչել. դա ամերիկահայ հեռուստաաստղի եկեղեցական անունն է։ Պարզվում է` հոկտեմբերի 7-ի առավոտյան Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը, նրա քույր Քորթնին և Քորթնիի երեք զավակները։ Ընտանիքի մկրտողի և կնքահոր դերը ստանձնել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

 

«Նրա համար (Քիմ Քարդաշյանի) Հեղինե անունն ենք ընտրել, քրոջ համար` Գայանե։ Ըստ եկեղեցական կարգի` առաջարկվել են անունները, նրանք համաձայնել են»,–Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմել է սարկավագ Նաիրի Սրապիոնյանը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները։

 

 

Քորթնի Քարդաշյանի երեխաները նույնպես նույն օրը մկրտվել են։ Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքը ստացել է Նարեկ անունը։

 

«Անկեղծ ասած` երեխաներն այնքան շատ էին, որ բոլորի անուններն արդեն չեմ հիշում. նրանք դեռ պետք է մեզ իրենց տվյալներն ուղարկեն, որ գրանցենք մեր մատյանում»,– ժպտալով ասաց սարկավագը։

 

Սարկավագը պատմում է, որ թեև մկրտարանում առավոտվանից գիտեին, որ հեռուստաաստղն իր ընտանիքով գալիս է մկրտվելու, սակայն իր դերը այդ մկրտության մեջ դեռևս որոշված չէր։

 

«Ժամեր առաջ եմ իմացել, որ մկրտելու եմ ու կնքահայրն եմ լինելու։ Անհանգիստ չէի։ Իհարկե, ամեն օր չէ, որ հանրաճանաչ մարդկանց եմ մկրտում, սակայն թե՛ մկրտության մեջ, թե՛ կնքահայ լինելու` բավականին փորձառու եմ»,–ասաց Սրապիոնյանը։

 

Sputnik Արմենիայի հարցին` ինչպես են մկրտության ժամանակ իրենց զգացել Քարդաշյան երեխաները, լացե՞լ են, վախեցե՞լ, ոգևորված հետևե՞լ ընթացքին, սարկավագը ժպտալով ասաց.

 

«Երեխաներն այնքան շատ էին, որ մենք բոլոր հնարավոր տպավորություններն ու էմոցիաներն այդ օրը տեսանք»։

 

 

Ըստ եկեղեցական կարգի` կնքահայրը պետք է հետագայում կապ պահի իր սանիկի հետ։ Սարկավագի խոսքով` ժամանակը շատ սուղ էր Քարդաշյանների հետ մանրամասն ամեն ինչ քննարկելու համար, ու նա չգիտի` ապագայում ինչպես կլինի իրենց կապը։

 

Նաիրի Սրապիոնյանը 27 տարեկան է, ավարտել է Գևորգյան ճեմարանը, այժմ սարկավագ է Էջմիածնի մկրտարանում։ Քարդաշյան ընտանիքի կնքահայրը դառնալու առթիվ սարկավագին անգամ շնորհավորել են ու կատակով «քավոր» են ասում։

 

 

Նշենք, որ համաշխարհային հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ավագ դստերը` Նորթ Ուեսթին մկրտել էր 2015-ին Երուսաղեմի Սբ Հակոբյանց հայկական եկեղեցում։ Քարդաշյան ընտանիքը Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ եկել էր Հայաստան, ապա կնունքի համար մեկնել Իսրայել։ Այս տարի Քարդաշյանը Հայաստանում է WCIT–2019  ՏՏ համաշխարհային կոնգրեսին մասնակցելու նպատակով։

 

Հոկտեմբերի 7-ին Էջմիածի Մայր Աթոռ եկեղեցու մկրտարանում մկրտվել են ութ Քարդաշյաններ` Քիմը, նրա երեք երեխաներ Սեյնթը, Չիկագոն, Փսալմը, Քիմի քույր Քորթնին, Քորթնիի երեք երեխաներ Մեյսոնը, Պենելոպեն և Ռեյնը։ Հոկտեմբերի 8-ին Քիմը ՏՏ կոնգրեսին հանդես է եկել իր բիզնեսի մասին ելույթով, դրանից ժամեր անց քրոջ և զարմիկների հետ ծաղիկներ դրել Ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ։ Այսօր էլ` հոկտեմբերի 9-ին, Քարդաշյաններին նկատել են Գառնիի տաճարում։

 

armeniasputnik.am