Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին


Արմեն Սարգսյանն ընդունել է IEEE Computer Society-ի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահներին
Հոկտեմբեր 9 15:34 2019

 Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է IEEE Computer Society-ի նախագահ, Բոլոնիայի համալսարանի պրոֆեսոր Սեսիլյա Մետրայի և «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

 

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում իրականացված և իրականացվող ծրագրերին, ինչպես նաև ծրագրավորման և հաշվարկային համակարգերի արդի խնդիրներին ու մարտահրավերներին:

 

Նախագահ Արմեն Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ՏՏ ոլորտում կարող է անել ավելին՝ հաշվի առնելով առկա ներուժը: Նա պատրաստակամություն է հայտնել իր աջակցությունը ցուցաբերել ոլորտում իրականացվող ծրագրերին ու նորարարական նախաձեռնություններին՝ նշելով, որ ապագան կապված է դրանց հետ:

 

IEEE Computer Society-ն համակարգչային ինժեներիայի և ծրագրավորողների համաշխարհային կազմակերպություն է, որն ունի ավելի քան 81 հազար անդամ ողջ աշխարհում: Ամեն տարի այն կազմակերպում է համաժողովներ, իրականացնում կրթական ծրագրեր, հրատարակում ոլորտին առնչվող տարբեր նյութեր: