«Ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը…». Ալեքս Գևորգյան. thearmenians.am


«Ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը…». Ալեքս Գևորգյան. thearmenians.am
Հոկտեմբեր 9 15:23 2019

Այս հարցազրույցը երևի թե ժուռնալիստական կյանքիս լավագույն զրույցներից մեկն է, և սա ասում եմ ամենայն անկեղծությամբ: Այո, ժուռնալիստիկան ինձ բավական երես է տվել ու ես կյանքիս ընթացքում բազում հարցազրույցներ եմ ունեցել աշխարհի հայտնիների հետ՝ արվեստի մեծերից մինչև մեծ երկրների ղեկավարներ, բայց այս զրույցն այն եզակիներից էր, որն ինձ զարմացրեց, իսկ ժուռնալիստիկան տարիների ընթացքում, հավատացեք, զրկում է զարմանալու ունակությունից:

Եվ գիտե՞ք ինչով զարմացրեց. 10 տարեկան Ալեքս երևույթով:

…Ես վստահ էի, որ բացահայտելու եմ Ալեքսին, կամ՝ նոր Ալեքսի, քանի որ նրան չէի դիտարկել որպես տասը տարեկան երեխայի, այլ նրա հետ ուզել էի խոսել որպես կայացած մարդու ու կարծում եմ ստացվեց: Ալեքսը անկեղծ էր ու անկեղծ ամենազգայուն հարցում անգամ:

Դե հիմա վայելեք իմ զրույցը Ալեքսի հետ: Այսինքն՝ վայելեք Ալեքսին:

 Ո՞վ է Ալեքս Գևորգյանը: Կպատմե՞ս քո մասին, քո ընտանիքի, արմատների մասին, քո ներաշխարհի ու մտքերի մասին:

– Ես փոքրիկ տղա եմ, ծնվել եմ 2009 թվականի հոկտեմբերի 9-ին: Այո, այո, հե՛նց հոկտեմբերի 9-ին, այն նույն օրը, երբ ծնվել է «The Beatles» խմբի հիմնադիր և ռոք երաժիշտ Ջոն Լեննոնը: Երբ ես ծնվեցի՝ չգիտեի, որ նրանք այդքան մեծ նշանակություն են ունենալու իմ կյանքում, և միշտ, երբ նշում ենք իմ ծնունդը, ես ունենում եմ երկու տորթ, որոնցից մեկը պարտադիր Ջոն Լեննոնինն է՝ իր նկարով, իսկ մյուսն էլ իմը՝ «The Beatles»-ի որևէ նկարով: Իմ կարծիքով՝ ես ծնվել եմ, որ աշխարհը դարձնեմ ավելի լավը և իմ ուժերի չափով աշխարհը դարձնեմ ավելի երաժշտական: Օրինակ, Ջոն Լեննոնի ամենահայտնի երգերից մեկը՝ «Imagine»-ը. այդ երգի պես կուզենայի աշխարհը փոխել, այսինքն` որ աշխարհում խաղաղություն տիրեր, բոլորը սիրեին իրար, օգնեին միմյանց, և երբեք չարություն չլիներ:

 Ինչպե՞ս «հանդիպեցին» Ալեքսն ու երաժշտությունը: Ինչպե՞ս սկսվեց ձեր կապը:

– Ես սկզբի մասին ոչինչ չեմ հիշում, որովհետև ամեն ինչ կատարվել է շատ փոքր հասակում, բայց շատ լավ հիշում են իմ ծնողները, նաև կան բազմաթիվ տեսանյութեր, որոնց միջոցով տեղեկացել եմ ինքս և հիմա կպատմեմ ձեզ:

Ծնողներս ասում են, որ ես 1,5 տարեկանից լսել եմ դասական երաժշտություն: Այդ տարիքում ես արդեն գիտեի Մոցարտին, Բախին, Բեթհովենին, Շուբերտին, Շումանին, Շտրաուսին և շատ ու շատ կոմպոզիտորների:

Նաև պատմում են, որ, երբ մաքուր չէի կարողանում խոսել և արդեն գիտեի ու սիրում էի Լյուդվիգ Վան Բեթհովենին՝ նրան անվանում էի «Բեթոն»:

3 տարեկանում իրականացավ իմ երազանքներից մեկը. ես գնացի Վիեննա, Զալցբուրգ… այո, այո, այնտեղ, որտեղ ծնվել, ստեղծագործել է Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտը: Զալցբուրգում այցելեցի նրա տուն, որն այժմ թանգարան է, այն էլ երեք անգամ՝ տարբեր տարիքներում: Ես տեսել եմ նրա մահճակալը, դաշնամուրը, անգամ օգտվել եմ Մոցարտի զուգարանից… վա՜յ, ասացի զուգարան՝ մի զավեշտալի պատմություն հիշեցի: Երբ դուրս եկա զուգարանից, ինձ լրիվ կորցրել էի և ուրախությունից չէի հասկանում, թե որտեղ եմ գտնվում, և այդ ուրախությունս չկարողացա զսպել ու բարձր գոռացի՝ ուռա, ուռա ես միզել եմ Մոցարտի զուգարանում:

Այցելուները չէին հասկանում հայերեն ու չէին հասկանում, թե ինչու եմ այդպես բղավում…

– Ի՞նչ նախընտրություններ ունես երաժշտության մեջ և ինչո՞ւ:

– Երաժշտությունն ինձ համար ամեն ինչ է, և, կարելի է ասել, դա ինձ համար ոչ թե նախասիրություն է, այլ՝ մասնագիտական ընտրություն: Ասեմ, որ երաժշտական կրթություն եմ ստանում Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Շեղվեցի… Նախընտրում եմ դասական, ռոք և ջազ երաժշտություն: Նախընտրում եմ դասական, քանի որ այն ինձ համար ամեն ինչ է, ես առանց դասական երաժշտության չեմ պատկերացնում իմ կյանքը, օրը: Միայն դպրոցում չեմ լսում, քանի որ դա պարզապես հնարավոր չէ: Տանը դասերս պատրաստելիս և ընդհանրապես՝ լսում եմ դասական կամ այլ երաժշտություն:

Նախընտրում եմ դասական երաժշտություն, որովհետև լսելիս ունենում եմ տարբեր, բայց հաճելի զգացողություններ՝ բարկություն, խաղաղություն, սեր, չարություն, համարձակություն, վստահություն… կարծում եմ՝ ցանկացած կոմպոզիտոր իր ստեղծագործությունը գրելիս տարբեր զգացողություններ է ունենում, որը երաժշտության միջոցով փոխանցվում է ունկնդրին…

– Ինչպե՞ս ես պատրաստվում շարունակել քո «մտերմությունը» երաժշտության հետ:

– Քանի որ իմ և երաժշտության մտերմությունը սկսվել է անկախ ինձանից, կարծում եմ՝ ինքս չեմ կարող կանխատեսումներ անել: Բայց գիտեմ, որ առանց երաժշտության ես չեմ կարող…

– Ի՞նչ է մտածում Ալեքսը կյանքի մասին: Ի՞նչ է կյանքը՝ ըստ քեզ:

– Կյանքը, իմ կարծիքով, մի բան է, որն Աստված է տալիս, բայց այն պետք է շատ ճիշտ օգտագործել: Իհարկե, կան մարդիկ, որոնք շատ սխալ են օգտագործում իրենց կյանքը: Սխալ օգտագործել ասելով՝ նկատի ունեմ այն, որ կան մարդիկ, ովքեր մարդ են սպանում, գողություն են կատարում, և չեն գնահատում այն, ինչ ունեն: Այստեղ ես հիշեցի Աստվածաշնչյան 10 պատվիրանները, որոնց պետք է միշտ հետևել: Այդ դեպքում կյանքը շատ մարդկային կլինի: Մարդկային կլինի, եթե մարդիկ երբեք չստեն, ազնիվ ու արդար լինեն, սիրեն միմյանց, ինչպես նկարագրված է Ջոն Լեննոնի ամենահայտնի երգերից մեկում՝ «Imagin»-ում, կամ Շոպենի Նոկտյուրներում: Կապ չունի, որ նրա ստեղծագործություններում, ինչպես նաև դասական երաժշտության մեջ, խոսքեր չկան, կան զգացմունքներ, որոնք անսահման սիրո, խաղաղության ու բարության մասին են: Ափսոս, մուլտֆիլմեր չեմ դիտում, թե չէ օրինակներ կբերեի մուլտֆիլմերից: Ճիշտ է, չեմ դիտել, օրինակ, «Վինի Թուխը», չեմ կարող պատմել, թե այն ինչի մասին է, բայց Վինի Թուխի արտաքինը, կերպարը՝ անգամ լուսանկարներից, ինձ հուշում է, որ այն բարության, ընկերության, խաղաղության մասին է: Սխալվո՞ւմ եմ… ես այդպիսին եմ տեսնում Վինի Թուխին…

Ես մի ֆիլմ եմ դիտել, որը կոչվում է «Կյանքը հիասքանչ է»: Ես լիովին համամիտ եմ ֆիլմի գաղափարի հետ: Այն իսկապես համոզում է, որ կյանքը հիասքանչ է, բայց միևնույն է՝ ամեն ինչ կախված է մարդուց, ով կառավարում է իր կյանքը: Միանգամից մտքիս եկավ Չարլի Չապլինը: Երևի ձեզ մոտ հարց առաջացավ, թե ինչո՞ւ ես նրան չբնութագրեցի: Որովհետև նա ինձ համար հակասական կերպար է, տրագիկ կերպար՝ կոմեդիկ խաղերով: Բայց ես, միևնույն է՝ չեմ կարողանում լաց չլինել նրա ցանկացած ֆիլմի ժամանակ: Կապ չունի, որ ֆիլմն է: Ա՛յ, այդպես էլ կյանքն է, որի ընթացքում լինում են տխուր պահեր, ուրախ: Կյանքը դա է, որի ժամանակ տխրում ես, բայց միևնույն ժամանակ՝ ուժեր ես հավաքում: Բայց դրականն էլ է լինում՝ ուրախանում ես, այսինքն՝ մեկը մյուսին լրացնում են: Ինչպես ասել է հայտնի մարդկանցից մեկը՝ «Կյանքը կինո է, որից մենք երբեք չենք ձանձրանա…»:

– Ի՞նչն ես համարում հաջողության հասնելու գաղտնիքը:

– Կարծում եմ՝ հաջողության գաղտնիքները շատ են, օրինակ, աշխատասիրությունը, նպատակասլացությունը, վստահությունը, համառությունը նպատակներին հասնելու հարցում, կարևոր է նաև հավատը դեպի սեփական նպատակները:

– Ինչ-որ մեկին համարո՞ւմ ես քո ուսուցիչը կամ ուսուցիչները երաժշտության ասպարեզում, և ինչո՞ւ հենց իրեն կամ իրենց:

– Ես ոչ մեկին չեմ համարում իմ ուսուցիչը: Ուղղակի ես իմ սիրած թե կոմպոզիտորներից, թե խմբերից, թե երաժիշտներից փոքր-փոքր ոգեշնչումներ եմ ունեցել: Հիմա էլ եմ ունենում այդ ոգեշնչումները, բայց նաև հասկանում եմ, որ պետք չէ նմանվել որևէ մեկին, և պետք չէ կուռքեր ունենալ: Ամեն մարդ պետք է ունենա իր տեսակը, ոճը:

Իհարկե, ես ունեմ իմ ուսուցիչը: Առանց նրա ես չեմ կարող երաժշտական կրթություն ստանալ. Նա Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ուսուցչուհի, իմ շատ սիրելի Հասմիկ Հակոբովնան է՝ Հասմիկ Անչարակյանը: Ես շատ շնորհակալ եմ նրան, քանի որ նրա շնորհիվ է, որ այս տարի ես կարողացա ստանալ բազմաթիվ մրցանակներ: Մասնակցել եմ «ԱրտՄյուզիք» միջազգային մրցույթին և արժանացել եմ 1-ին մրցանակին: Դրանից հետո մասնակցեցի «Վերածնունդ» միջազգային փառատոնին, որտեղ շահեցի «Գրան պրի» մրցանակը:

Դրանից հետո հուլիս ամսին «Վերածնունդ» միջազգային փառատոնի միջոցով մեկնեցի Իտալիա, որտեղ մասնակցեցի Երաժշտական միջազգային ակադեմիայի փառատոնին ու վարպետության դասերին: Այնտեղ ստացել եմ «Հատուկ մրցանակ»՝ որպես տաղանդավոր և խոստումնալից դաշնակահար: Այնպես որ, սրանք ոչ միայն իմ, այլև իմ ուսուցչուհու՝ Հասմիկ Հակոբովնայի մրցանակներն են:

– Ի՞նչ չես սիրում ամենաշատը և ի՞նչ ես սիրում ամենաշատը:

– Չեմ սիրում, որ մարդիկ կռվում են, չեմ սիրում, որ մարդը ստում է, չեմ սիրում, որ մարդու մեջ ընդհանրապես նախանձ կա, չեմ սիրում, որ մարդը մյուսին ծաղրում է:

 – Ի՞նչ հատկություններ ես գնահատում մարդու մեջ և ի՞նչ հատկություններ չես գնահատում:

– Քիչ առաջ նշեցի իմ չսիրած և սիրած հատկությունները մարդու մեջ: Հիմա նորից կրկնեմ: Չեմ սիրում, որ մարդիկ կռվում են, չեմ սիրում, որ մարդը ստում է, չեմ սիրում, որ մարդու մեջ նախանձ կա, և չեմ սիրում, որ մարդը մարդուն ծաղրում է: Կարճ, համառոտ կարելի է ասել, որ սիրում եմ այս ամբողջ իմ թվարկած չսիրած բաների հակառակը:

– Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի երաժիշտը՝ քո կարծիքով:

– Կարծում եմ, որ երաժիշտը, ինչպես բոլոր արվեստագետները, պետք է լինի ազնիվ: Ազնիվ ասելով՝ ցանկանում եմ առանձնացնել այն, որ պետք է ազնիվ լինի իր զգացմունքների հետ: Չէ՞ որ արվեստն աշխարհի հետ հարաբերության ևս մեկ միջոց է: Պետք է շատ աշխատի, աշխատասեր լինի և, ամենակարևորը՝ եթե երաժիշտը ստեղծագործում է, պետք չէ ընկնել նրա հետևից, թե հանդիսատեսին ինչն է դուր գալիս, ինչը՝ չէ, այլ այստեղ ուզում եմ բերել հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի խոսքերից մի փոքր մեջբերում. նա ասում էր, որ չի ընդունում կոմերցիոն նպատակների կամ հանուն մոդայի ստեղծված երաժշտություն, իսկական երաժշտությունը պետք է սրտից բխի…

– Ի՞նչ կփոխեիր աշխարհում, Հայաստանում:

– Առաջին հարցի պատասխանում նշեցի, թե ինչպիսին եմ ուզում դարձնել աշխարհը: Այսինքն՝ հանրահայտ ռոք երաժիշտ և «The beatles» խմբի հիմնադիր Ջոն Լեննոնի «Imagine» երգի պես, ինչպես երգում նշում է Լեննոնը: Այսինքն՝ խաղաղ, բարի, հոգատար և այլ մարդկային լավ կողմերով: Եվ քանի որ Հայաստանն էլ աշխարհի մի մասն է, բնականաբար, կուզենայի, որ Հայաստանում էլ բոլորը սիրեին իրար, բարի լինեին, միշտ օգնեին իրար:

– Ի՞նչ սպասենք Ալեքս Գևորգյանից:

– Ինձնից ուղղակի մեկ բան սպասեք՝ երաժշտություն, երաժշտություն ու կրկին երաժշտություն…

Հ.Գ. Ի դեպ, շնորհավորում ենք Ալեքսին. այսօր, հոկտեմբերի 9-ին, նրա ծննդյան օրն է: Ինչպես և՝ նրա Ջոն Լեննոնի:

Արայիկ Մանուկյան

Ամբողջությամբ՝ thearmenians.am



loading...