Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը


Վարչապետի խոսնակը հերքում է Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության լուրը
Հոկտեմբեր 9 14:27 2019

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքում է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պաշտոնանկության մասին լուրը: «Արմենպրես»-ի ճշտող հարցին՝ համապատասխանում է արդյոք իրականությանը, որ վարչապետը միջնորդել է պաշտոնից ազատել Տոնոյանին, Կարապետյանը պատասխանեց. «Հերքում եմ լուրը»:

Լրատվամիջոցները հրապարակել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, նա  անհեթեթություն է համարել մամուլի հրապարակումները ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին պաշտոնից ազատելու մասին: Փաշինյանն այդ մասին խոսել է «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. Ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին:

Մինչ այդ, լրատվամիջոցներն անանուն տեղեկություն էին շրջանառել, որ հոկտեմբերի 9-ին ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրելու Դավիթ Տոնոյանին նախարարի պաշտոնից ազատելու մասին: Ըստ այդ հրապարակման, իբր, Նիկոլ Փաշինյանն արդեն միջնորդագիրը ներկայացրել է նախագահին:

Նախագահական նստավայրից «Արմենպրես»-ին տեղեկացրել էին, որ որևէ միջնորդագիր չեն ստացել:

Տոնոյանը ևս լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր տեղեկությունը՝ նշելով, որ աշխատանքի մեջ է ու լուրը չի համապատասխանում իրականությանը: