Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան


Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետին հոկտեմբերի 15-ին հրավիրել է Հայաստան
Հոկտեմբեր 9 11:01 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի Հանրապետության վարչապետ Գիորգի Գախարիային հոկտեմբերի 15-ին հրավիրել է այցելել Հայաստան։

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «Վարչապետը հրավիրել է իր վրացի գործընկերոջը՝ այցելել Հայաստան։ Սա ավանդույթի շարունակությունն է, երբ վերջին նշանակված կամ ընտրված պաշտոնյան առաջինն է այց իրականացնում հարևան երկիր։ Ես կարող եմ գոհունակություն հայտնել, որ Գախարիան նշանակվելուց հետո շատ արագ կազմակերպեց իր նախաձեռնությունը՝ այցելելու Հայաստան։ Մենք ունենք շատ ծավալուն օրակարգ երկկողմ համագործակցության, նաև ունենք վերջերս ձևավորված ավանդույթ վարչապետերի միջև սերտ համագործակցության։ Սա փայլուն հնարավորություն է, որպեսզի տեղի ունենա ծանոթություն, և, ճանաչելով մեր վարչապետին, վստահ եմ, որ անմիջապես այդ ծանոթությունը կվերածվի գործնական խոսակցության, որտեղ կքննարկվեն բոլոր երկկողմ հետաքրքրության հարցերը»,- ասաց Կարապետյանը։

 

 

Վլադիմիր Կարապետյանը նշեց, որ այցելության հրավերը հղել են հոկտեմբերի 15-ի վերաբերյալ։

 

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան արտասահմանյան առաջին պաշտոնական այցերը կկատարի հարեւան երկրներ: Մինչ Հայաստան այցելելը, հոկտեմբերի 9-ին նա կուղևորվի Ադրբեջան: Պլանավորվում Է նաեւ Գախարիայի այցը Թուրքիա, որը կկայանա ամսվա վերջին: Մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում Է, որ Վրաստանի վարչապետը Բրյուսել կայցելի Եվրահանձնաժողովում ընթացիկ կադրային վերադասավորումների ավարտից հետո, երբ նորացված Եվրահանձնաժողովը ձեռնամուխ կլինի իր լիազորությունների կատարմանը: