Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին
Հոկտեմբեր 9 10:12 2019

Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի շրջանակներում հոկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարար Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից, զրուցակիցները բարձր են գնահատել հայ-իրանական հարաբերությունների զարգացման դինամիկան և կարևորել անցած շաբաթ Իրանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը։ Մոհամմադ Ջավադ Ազարի Ջահրոմիին շնորհավորել է հայկական կողմին ՏՏ համաշխարհային համաժողովը բարձր մակարդակով անցկացնելու կապակցությամբ։ Նա նաև հավելել է, որ վերջին անգամ Հայաստանում է եղել 2 տարի առաջ և իր համար ակնառու է երկրի գրանցած առաջընթացն այս ժամանակամիջոցում:

 

 

Տիգրան Ավինյանն անդրադարձել է Հայաստանում հանրային կառավարման համակարգի բարեփոխումների գործընթացին, դրանում թվայնացման դերին, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների զարգացման նպատակով կառավարության կողմից իրականացվող քաղաքականությանը։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործարար կապերի ընդլայնման և կրթական համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները:

 

 

loading...