Այնթափի թիվ 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին և որովայնին


Այնթափի թիվ 2 դպրոցում աշակերտը դանակի մի քանի հարված է հասցրել մեկ այլ աշակերտի կրծքավանդակին և որովայնին
Հոկտեմբեր 8 23:53 2019

Երեկ, հոկտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի դանակահարված վերքեր» ախտորոշմամբ Մասիսի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել տղա երեխայի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Այնթափ գյուղի բնակիչ՝ տեղի թիվ 2 դպրոցի աշակերտ, 15-ամյա Դ. Գ-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 13։00-ի սահմաններում նշված դպրոցի 2-րդ հարկի միջանցքում Դ. Մ-ի և նրա հասակակից Ա. Հ-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում Ա. Հ-ն ձեռքին եղած դանակով հարվածներ է հասցրել Դ. Գ-ի կրծքավանդակի և որովայնի շրջաններում՝ պատճառելով վնասվածքներ։

Ոստիկանները Ա. Հ-ին հրավիրել են Մասիսի ոստիկանություն, կատարվածի մասին բացատրություն վերցրել և բաց թողել։ Ոստիկանները ձեռնարկում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

 

Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: