Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց


Գյումրի-Երևան ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Հոկտեմբեր 8 22:14 2019

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 8-ին, ժամը 13:01-ին տեղեկություն է ստացել, որ Շիրակի մարզի Բագրավան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 65-րդ կմ-ի մոտակայքում բախվել են «Mercedes C220» (վարորդ՝ Բաբկեն Հ., ծնված 1965 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ` Ցոլակ Ք., ծնված 1959 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Լուսինե Ս.-ն (ծնված 1992 թ.), Էլլա Ք.-ն (ծնված 2015 թ.) և Արտյոմ Ք.-ն (ծնված 2018 թ.), ավտոմեքենայից դուրս են բերվել քաղաքացիների ուժերով և տեղափոխվել Թալինի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: