ԱԽ քարտուղարը բրազիլացի պաշտոնյային ներկայացրել է ՀՀ տիեզերական գործակալության ստեղծման ծրագիրը


ԱԽ քարտուղարը բրազիլացի պաշտոնյային ներկայացրել է ՀՀ տիեզերական գործակալության ստեղծման ծրագիրը
Հոկտեմբեր 8 19:52 2019

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի տեխնոլոգիաների, ինովացիաների և հեռահաղորդակցության փոխնախարար պարոն Խուլիո Նետոյին ով Հայաստանում մասնակցում է WCIT 2019 համաժողովին։

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդից, քարտուղարը կարևորել է Հայաստանի և Բրազիլիայի համագործակցությունը ինովացիոն տեխնոլոգիաների և, հատկապես, տիեզերքի խաղաղ օգտագործման ոլորտներում։

 

 

Արմեն Գրիգորյանը հյուրին ներկայացրել է  տիեզերական արդյունաբերության ներկայիս դրությունը Հայաստանում, ձեռնարկվող քայլերը, մասնավորապես՝ «Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և Հայաստանի տիեզերական գործակալության ստեղծման մասին առկա քննարկումները։

 

Խուլիո Նետոն իր հերթին շնորհակալություն է հայտնել բարձր մակարդակով համաժողովի անցկացման և հանդիպման կազմակերպման համար։

 

Փոխնախարարն ընդգծել է Հայաստանի և Բրազիլիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության համաձայնագրի վավերացման կարևորությունը և հանձնառություն վերցրել նպաստել դրա հնարավորինս շուտ իրականացմանը։ Փոխնախարար Նետոն նաև ներկայացրել է տիեզերքի խաղաղ օգտագործման Բրազիլական ծրագիրը և համագործակցության հնարավորությունները։

 

Այնուհետև կողմերը քննարկել են տիեզերքի, բարձր տեխնոլոգիաների, գեոստացիոնար ուղեծրերում արբանյակների աշխատանքների արդյունավետ կազմակերպման, կրթության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծվելիք աշխատանքային խմբերում ԱԽ գրասենյակի ներկայացուցչի մասնակցության շուրջ։

 



loading...