Սորոսականների հարցը հասավ Ազգային ժողով. ինչ է սպասվում «ՎԵՏՕ»-ին


Սորոսականների հարցը հասավ Ազգային ժողով. ինչ է սպասվում «ՎԵՏՕ»-ին
Հոկտեմբեր 8 09:29 2019

Այսօր նախատեսված է Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում մեկ հետաքրքիր հարց կա: Բանն այն է, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն առաջարկում է քննարկել քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետապնդման, հետամտման և նրանց շուրջ ատելության և անհանդուրժողականության մթնոլորտի հրահրման հարցը:

ԱԺ նման հարց օրակարգ բերելը հավանաբար պայմանավորված է վերջերս ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի կողմից հիմնադրված «ՎԵՏՕ» շարժման գործողությունների հետ: Բանն այն է, որ հեղափոխությունից հետո «ՎԵՏՕ» շարժումը պայքար է սկսել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան գրասենյակի գործունեութունը դադարեցնելու համար: Նրանք հիմնադրամի մոտ ցույցեր են անում, տեսնակարահանում ներս ու դուրս անող քաղաքացիներին, աշխատակիցներին եւ դրամաշնորհ ստացողներին: Վերջերս էլ այնտեղ տեղադրվել էր Ջորջ Սորոսի արձանը, որը հիմնադրամների միակ ֆինասավորողն է: «ՎԵՏՕ»-ի անդամները կարծում են, որ այս հիմնադրամի նպատակը հակահայկական բարքեր քարոզելն է, իսկ հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ իրենք պայքարել ու պայքարում են ժողովրդավարության համար: