Գյումրիում շանը քարշ է տվել մեքենայի հետևից. առանձնակի դաժանություն (տեսանյութ)

Գյումրիում շանը քարշ է տվել մեքենայի հետևից. առանձնակի դաժանություն (տեսանյութ)
Հոկտեմբեր 7 21:01 2019

Համացանցում շարունակվում են հրապարակվել և տարածվել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին վկայող լուսանկարներ և տեսանյութեր: «Դինգո Թիմ» ՀԿ էջում հրապարակվել է մի տեսանյութ, որտեղ ակնհայտ դաժան վերաբերմունք է դրսևորվում կենդանու նկատմամբ. մեքենան շանը քարշ է տալիս ետևից:

«Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում քաղաքացին ականատես է եղել, թե ինչպես են շանը կապած քարշ տալիս մեքենայից: Շունը սկզբից վազել է, հետո՝ ուժասպառ ընկել: Շանը բավականին երկար այդպես քարշ են տվել, հետո պարանը մեքենայի միջից բաց թողել ու գնացել: Պարանը շան վզին այնքան ձիգ է կապած եղել, որ ամբողջությամբ մտել է մսի մեջ: Քաղաքացին չկարողանալով պարանն ինքնուրույն հանել, քանի որ շունն իրեն ագրեսիվ է պահել, ահազանգել է 911, որոնց հատուկ գործիքով բռնել են շանը, քնեցրել, պարանը հանել, հետո՝ բաց թողել: Մենք չգիտենք, թե հիմա շունը որտեղ է: Ոճրագործի մեքենայի պետհամարանիշը՝ 35un093, մակնիշը՝ opel»,- գրել է «Դինգո Թիմ»-ը:  Video Player «Դինգո Թիմ» ՀԿ-ից մեզ պարզաբանեցին, որ ահազանգը ստացել են անանուն՝ հոկտեմբերի 4-ին:  Կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 92-րդ հոդվածը վարչական պատասխանատվություն է սահմանում:

92-րդ հոդվածն ասում է. «Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչև հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` ութսունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով»: EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալների համաձայն՝ «35un093» պետհամարանիշի մեքենան գրանցված է քաղաքացի Իշխան Գառնիկի Պետրոսյանի անվամբ: Վերջինս հանդիսանում է Արմավիրի մարզի, Գետաշեն համայնքի բնակիչ: 26-ամյա Իշխան Պետրոսյանի բաց համացանցային տվյալների ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է նաև ստորև ցուցադրվող լուսանկարը, որտեղ կենդանու վրա առկա են արյան հետքեր: 

ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հետ զրույցում նշեց, որ հոկտեմբերի 4-ին ԱԻՆ փրկարար ծառայությունը ստացել է ագրեսիվ շան մասին ահազանգ: Փրկարարները կենդանուն տեղափոխել են անվտանգ տարածք /ոչ մարդաշատ/, սակայն թե այժմ կենդանին որտեղ է՝ անհայտ է: Տեսանյութը վկայում է առանձնակի դաժանությամբ իրականացված հանցագործության մասին, ինչի համար ներկայիս ՀՀ օրենսդրությամբ նախատեսվում է միայն վարչական պատասխանատվություն:  Հիշեցնենք, որ ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը: Առաջարկվող նախագծով կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է կենդանու կյանքի ընդհատումը՝ խեղելու, կախելու, մասնատման, ուժեղ հարվածի, մտրակելու, ուժեղ հրազենի, թունավորման կամ այնպիսի նյութի ներարկման միջոցով, որը հանգեցնում է դաժան կամ ցավոտ մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկահանումը, անդամահատումը, ողջ վիճակում կենդանուն կրակի վրա նետելը, բարձրությունից կամ փոխադրամիջոցներից նետելը:  Սույն հրապարակումը հանդիսանում է հաղորդում հանցագործության մասին, ուստի EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Նյութի աղբյուրը` Econews.am

 

loading...