Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. կա 3 զոհ և 5 վիրավոր


Արտակարգ դեպք Լոռու մարզում. Վանաձորում «ռազբորկայի» ժամանակ հնչել են կրակոցներ. կա 3 զոհ և 5 վիրավոր
Հոկտեմբեր 5 08:02 2019

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Լոռու մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Վանաձոր քաղաքի Միչուրինի 20 տուն, որտեղ հայտնաբերել են 2 երիտասարդ տղայի դի և որտեղից էլ մի քանի քաղաքացու մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց, գրում է shamshyan.com-ը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Բազումի և Գուգարքի բաժինների օպերատիվ խմբերը՝ բաժնի պետեր Արթուր Մկրտչյանի, Վազգեն Թորոսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության մեծ թվով քննիչներ՝ վարչության պետ Աննա Մանթաշյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են սպանված 2 երիտասարդ տղայի դի, պարզել են նաև, որ հիվանդանոց տեղափոխված 5 վիրավորներից մեկը մահացել է: Փաստի առթիվ քննչական վարչության պետ Ա. Մանթաշյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, իսկ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գ. Հակոբյանի որոշմամբ ստեղծվել են օպերատիվ խմբեր: Լոռու մարզի Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզել են մահացածների և վիրավորների ինքնությունը: Մահացածներն են Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Օհանյանը, 25-ամյա Դավիթ Օհանյանը: Վանաձորի բժշկական կենտրոն են տեղափոխվել 30-ամյա Գոռ Գրիգորյանը, 26-ամյա Գեւորգ Գեւորգյանը, 29-ամյա Լեւոն Ժամհարյանը, 25-ամյա Լեւոն Խաչատրյանը եւ 21-ամյա Անդրանիկ Թադեւոսյանը:

Մյուս տեղափոխվածի ինքնությունը ճշտվում է: Վանաձորի բժշկական կենտրոն ընդունվելու պահին մահացել է 30-ամյա Գոռ Գրիգորյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացած Դավիթ եւ Անդրանիկ Օհանյանները հարազատ եղբայրներ են: Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր.օր.-ի 34-104 հոդվածի, 1044 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Դեպքի վայրում աշխատում են նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության փորձաքրեագետները:

Ըստ նախնական տեղեկությունների, վիրավորների վրա սուր-կտրող-ծակող առարկայի հարված հետքեր կան, իսկ ինչ վնասվածքներ են ստացել մահացածները, դա պարզ կլինի դիակների դատաբժշկական փորձաքննությունից հետո: Տեղում ծառայություն են կատարում նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: