Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ


Գյումրեցի պատանիները դարձել են շախմատի դպրոցականների աշխարհի չեմպիոններ
Սեպտեմբեր 30 20:23 2019

Աշխարհի առաջնության չեմպիոնական, փոխչեմպիոնական մեդալներ, գյումրեցի ծանրորդներից բացի, նվաճել են գյումրեցի պատանի շախմատիստները: 

 

Նրանք դարձել են շախմատի աշխարհի առաջնության չեմպիոններ: Առաջին անգամ անցկացվել է դպրոցականների շախմատի աշխարհի առաջնություն, իսկ հյուընկալող երկիրը Հայաստանն էր:

 

Մրցաշարին մասնակցել է յոթ երկրի 15-18 տարեկան մոտ հարյուր շախմատիստ: Թիմային և հավաքական խաղերում դպրոցականների աշխարհի առաջնության չեմպիոններ են հռչակվել Գյումրիի շախմատի մարզադպրոցի երկու աշակերտները ՝ Սիմոն Թումանյանն ու Լյովա Դավթյանը, իսկ Անահիտ Մկրտչյանը դարձել է փոխչեմպիոն:

 

Շախմատի մարզադպրոցի նախասրահում գյումրեցի շախմատիստների հաղթանակների մասին պատմող լուսանկարներն ու մրցանակներն են, որոնք սկսվում են 1950-ականներից: Հաղթանակների շարքն ավելանում է: Դպրոցականների աշխարհի չեմպիոնական գավաթը Գյումրի են բերել պատանի շախմատիստները։ Սիմոնը, Լյովան ու Անահիտը երեք օր առաջ ավարտված հեղինակավոր մրցաշարի հաղթողներն են:

 

«Բոլորն արդեն մեզ վերաբերում են որպես չեմպիոնների, սակայն դա մեզ չի խանգարում, ոչ էլ օգնելու  է, քանի որ մենք չենք մեծամտանալու այս հաղթանակից, մենք նույնն ենք, ուղղակի հասել ենք որոշակի հաջողության»,- ասել է դպրոցականների շախմատի աշխարհի չեմպիոն Լյովա Դավթյանը:

 

Առաջին անգամ հեղինակավոր մրցաշարին մասնակցելու պատմությունը ևս հետաքրքիր էր: Պատանի շախմատիստները   աշխարհի առաջնության Հայաստանի հավաքականի կազմում ու մասնակիցների ցանկում ընդգրկված չեն եղել: Հավաքականի կազմից դուրս էին մնացել ունեցած ոչ բավարար վարկանիշի պատճառով:

 

Իսկ Անահիտը Հայաստանի առաջնությունների եռակի չեմպիոն է, այս մարզադպրոցի սանը, բայց հավաքականի կազմում հանդես է եկել երևանյան թիմի հետ: Սա ևս հոգեբանորեն ազդել է նրա խաղի կենտրոնացման վրա: Թիմի մյուս շախմատիստուհիների խաղային ներուժին ծանոթ չի եղել: Խաղընկերոջ հնարավորությունները նախապես իմանալը հաղթանակի հասնելու կարևոր  գործոն է։ Աշխարհի առաջնությունում աղջկա նվաճումը եղավ փոխչեմպիոնի կոչումը:

 

Լյովային, Սիմոնին ու Անահիտին այս մրցաշարում տարած հաղթանակը մեծ մրցաշարերի մասնակցության հայտ ներկայացնելու վստահություն է տվել: Առանց ժամանակ կորցնելու սկսել են պատրաստվել հոկտեմբերին մեկնարկելիք հանրապետական մրցաշարի, որտեղ վաստակած միավորները միջազգային առաջնություններին մասնակցելու հնարավորություն են բացելու:



loading...