ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել զորավարժությունից առաջ

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատարն օպերատիվ խորհրդակցություն է հրավիրել զորավարժությունից առաջ
Սեպտեմբեր 23 21:35 2019

ՀՀ ոստիկանությունում սեպտեմբերի 23-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը: Մասնակցել են ոստիկանության ղեկավար կազմը, ինչպես և պատասխանատու ստորաբաժանումների պետեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ խորհրդակցության նպատակը սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը հանրապետությունում անցկացվելիք ռազմավարական զորավարժություններից առաջ զորավարժությանը մասնակից ոստիկանական կարգախբերի վերաբերյալ վերջին ցուցումները տալն է եղել: «Ինչպես գիտեք` սեպտեմբերի 24-ից մեկնարկելու են ռազմավարական զորավարժությունները: Ուսումնավարժական հավաքների և պարապմունքների ընթացքում զորահավաքային նախապատրաստության միջոցառումների իրականացմամբ հնարավոր կլինի գնահատել ռազմական անվտանգության համակարգի զորահավաքային հնարավորությունները: Ոստիկանությունը զորահավաքի ժամանակ իր հստակ գործողություններն ունի: Դա պահեստազորում գտնվող քաղաքացիների մոբիլիզացիան է, զինկոմիսարիատներից զորահավաքակայան ու տեղակայման վայրեր մեկնող տրանսպորտային միջոցների անվտանգ տեղաշարժի ապահովումը և այլն: Սա հայրենիքի նկատմամբ մեր պարտքն է, մեր հոգու պարտքը, և մենք պետք է այն պատվով կատարենք»,- ասել է Արման Սարգսյանը:

Խորհդակցության ընթացքում քննարկվել են ռազմական դրության պայմաններում ոստիկանական ուժերի պատրաստականության, ծառայողների տեղաբաշխման ու գործողությունների վերաբերյալ այլ հարցեր ևս:

loading...