Նաիրա Զոհրաբյանը ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատողի իրավունքների հարցերը


Նաիրա Զոհրաբյանը ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատողի իրավունքների հարցերը
Սեպտեմբեր 23 19:50 2019

 ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է ամերիկյան «Էս Ի Այ Յու» կազմակերպության Կալիֆորնիայի գրասենյակի պատասխանատուների հետ. կազմակերպությունը զբաղվում է աշխատավորների շահերի պաշտպանության հարցերով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հանրային կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում արհմիությունների մասին օրենսդրությանն առնչվող հարցեր:

Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել է արհմիությունների ստեղծման եւ կազմավորման նոր մոդել, որը, ցավոք, չի արժանացել խորհրդարանի հավանությանը:

Կողմերը մտահոգիչ են համարել, որ Հայաստանում աշխատող մարդու շահերն իրավական առումով պաշտպանված չեն: Այս համատեքստում Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ առաջիկայում քաղաքական ուժերի միջեւ կսկսվեն քննարկումներ՝ գործուն արհմիությունների մասին օրենք ունենալու հարցի վերաբերյալ:

Կալիֆորնիայի գրասենյակի տնօրեն Շուշան Բաղբուդարյանը նշել է, որ իրենց կազմակերպության շահառուներ են հանդիսանում 2.5 մլն աշխատողներ: Նրա խոսքով՝ կազմակերպությունը պատրաստ է վերոնշյալ հարցում Հայաստանի կառավարությանը ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն՝ փորձի փոխանակում իրականացնելու միջոցով նպաստել երկրում արհմիությունների գործուն ցանց ստեղծելուն:

 



loading...