Ստամբուլի «Ժամանակ»-ը հայտնում է Հայոց պատրիարքի ընտրության կանոնագրի՝ Պատրիարքարան հասնելու մասին


Ստամբուլի «Ժամանակ»-ը հայտնում է Հայոց պատրիարքի ընտրության կանոնագրի՝ Պատրիարքարան հասնելու մասին
Սեպտեմբեր 23 19:38 2019

Ստամբուլի հայկական «Ժամանակ» օրաթերթը հայտնում է, որ Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ Թուրքիայի կառավարության գրավոր կանոնագիրը հասել է Պոլսի Հայոց պատրիարքարան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Հայոց 85-րդ պատրիարքի ընտրության կանոնադրությունը  Գում Գափու է հասել սեպտեմբերի 23-ին:

 

Ինչպես գրել է թերթը՝ այս պահին կանոնադրության բովանդակության վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան:  Թերթը կապ է հաստատել նաև Պատրիարքական տեղապահ Տ. Սահակ Եպսկ. Մաշալյանի հետ, որը հաստատել է, որ  ընտրության կանոնագիրն արդեն հասել է Պատրիարքարան: Սակայն նա կանոնադրության բովանդակության մանրամասնություններ չի փոխանցել: Նախաձեռնակ մարմինը Գում Գափուում հերթական ժողով կանի: Պատրիարքարանը երեկոյան կայանալիք ժողովի վերջում  կանոնադրության բովանդակության վերաբերյալ հայտարարություն կպատրաստի:

 

Սեպտեմբերի սկզբին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել էր, որ մոտ մեկ շաբաթից պատրաստ կլինի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպման վերաբերյալ կառավարության կողմից ներկայացվելիք կանոնագիրը։ Օգոստոսի 30-ին  Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունելություն էր կազմակերպել, որին մասնակցել են նաև Պոլսո Հայոց պատրարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոց հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն։ Ավելի վաղ լրատվամիջոցներում նշվել էին նաև հավանական թեկնածուների անուններ: