Երեկ, սեպտեմբերի 22-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը16։50-ի սահմաններում Արշակունյաց պողոտայի և Ներքին Շենգավիթի փողոցի խաչմերուկում բախվել են Դավիթաշեն թաղամասի բնակիչ 23-ամյա Արսեն Պ․-ի վարած BMW մակնիշի 35 FQ 342 համարանիշի և Ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Միհրան Կ․-ի վարած BMW մակնիշի 57 RA 577 համարանիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Միհրան Կ․-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել ծառին, ում էլ մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները գումարտակի հրամանատարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Անդրանիկ Շահբազյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։