ՀՀ նախկին փոխոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։
Փաստաբանը գլխավոր դատախազին բողոք էր ներկայացրել նաև Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնելու մասին՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Տիգրան Աթանեսյանի խոսքով՝ իր պաշտպանյալին չէր կարող մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ քրեական օրենսգիրքը խմբագրվել է և հիշյալ հոդվածը սկսել է գործել 2013–ից։
Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալին վերագրվող ենթադրյալ հանցագործությունները տեղի են ունեցել 2002–ից 2011թթ. և եթե նախաքննական մարմինը գործեր օրենքին համապատասխան, ապա հաշվի կառներ վաղեմության ժամկետը և իր պաշտպանյալին մեղադրանք չէր առաջադրի։
«Ըստ քննիչի՝ հանրորեն վտանգավոր արարքը սկսվում է 2002–ից և ավարտվում այն ժամանակ, երբ պարոն Գասպարյանը պաշտպանության նախարարությունից տեղափոխվեց ոստիկանություն։ Հետաքրքիրն այն է, որ արարքը, մեծ հաշվով ավարտվել է 2018–ին, իսկ Վլադիմիր Գասպարյանից հետո (խմբ– ՌՈ պետի պաշտոնից ազատվել է 2010թ.) ռազմական ոստիկանության 4 պետ է եղել, այդ թվում գործող ՌՈ պետը, եթե արարքն ավարտվել է 2018–ին և Վլադիմիր Գասպարյանի արարքում ինչ–որ հանցակազմ են գտնում, բա մնացածի արարքում ինչու՞ չեն գտնում»,–նկատեց պաշտպանը։
NEWS.am–ը Քննչական կոմիտեից պարզեց, որ այս գործով նախկին և գործող ՌՈ պետերը չեն հարցաքննվել և որևէ դատավարական կարգավիճակ չունեն։