Սերժ Սարգսյանն այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն


Սերժ Սարգսյանն այցելել է Վանաձորի զինվորական պանթեոն
Սեպտեմբեր 21 14:17 2019
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր կուսակցական կառույցների ներկայացուցիչների և ղեկավար կազմի ուղեկցությամբ մեկնել է Լոռու մարզ: Որպես անկախության համար պայքարի ակունքներում կանգնած քաղաքական ուժ՝ հանրապետականները Անկախության տոնի կապակցությամբ նախ այցելել են Վանաձորի զինվորական պանթեոն` հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ դրել Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած ազատամարտիկների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին:
 
ՀՀ 3-րդ նախագահի անունից այսօր առավոտյան ծաղկեպսակ է դրվել նաև «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:
 
Լոռվա մարզի Արդվի համայնքում Հանրապետական կուսակցության անդամներն ուխտագնացություն կկատարեն Սուրբ Հովհաննես վանք (հայտնի է նաև Սրբանես կամ Հովհան Օձնեցու վանք անուններով), որի մատուռում գտնվող դամբարանում  ամփոփված է Հայոց եկեղեցուն զգալի հռչակ բերած  մեծագույն հայրապետներից մեկը՝ Սուրբ Հովհան Իմաստասեր Օձնեցին: Հանրապետականներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն ճշմարիտ հավատքի պահպանման համար աղանդավորական շարժումների, հավատուրացության և հատկապես  պավլիկյան շարժման դեմ անզիջում պայքար մղած մեծ աստվածաբան, օրենսգետ, մտածող և բարենորոգիչ Հայոց Հայրապետ Հովհան Օձնեցու հիշատակին` համարելով, որ հայոց ճշմարիտ հավատքը հայ ժողովրդի ինքնության և հայոց պետականության պահպանման ու ամրապնդման կարևոր գրավականներից է:
 
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կուսակցականներն այնուհետև կայցելեն Հաղպատի նշանավոր վանական համալիր, մոմ կվառեն և իրենց աղոթքը կբարձրացնեն առ Ասված` հանուն Հայաստանի և Արցախի հանրապետությունների խաղաղության, անվտանգության, հզորության ու բարեկեցության և հանուն Հայրենիքի ազատության ու անկախության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար:
 
Հանրապետականները օրը կավարտեն տոնական միջոցառմամբ:

Կարդացեք նաև

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի հետ և ...

 

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 28-րդ տարեդարձի ...

 

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ ծննդյան օրվա առթիվ

Պատկերագիրք

 



loading...