Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա եւ կմիանա այդ թիմին․ «Հրապարակ»

Որոշել են առանձին «վերցնել» Գյումրին. Սամվել Բալասանյանը վաղաժամկետ հրաժարական կտա եւ կմիանա այդ թիմին․ «Հրապարակ»
Սեպտեմբեր 21 09:50 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Գյումրին դառնում է քաղաքական գործընթացների լուրջ հարթակ, այդ է նաեւ պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը Անկախության տոնը նշելու է այնտեղ: Արտախորհրդարանական ընդդիմությունը եւս պատրաստություններ է տեսնում այնտեղ` ի դեմս քաղաքական հայտ ներկայացրած «Արմենիա» հեռուստաընկերության նախկին պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանի:

Որոշել են առանձին «վերցնել» քաղաք Գյումրին, շենացնել եւ դարձնել պատմական-ինդուստրիալ քաղաքի էտալոն, «օր հասկըցնի՝ Հայաստանն էլ կըռնանք ըդպես շենացնել»,- ասաց գյումրեցի մեր զրուցակիցը:

Ընդ որում՝ խոսում են, որ Սամվել Բալասանյանը եւս թիմի «ներկայացուցիչ» կդառնա, վաղաժամկետ հրաժարական կտա. նրա որդին եւս այդ թիմի հետ սերտ համագործակցում է:

Պայքարի մեջ են նաեւ մնացյալ քաղաքական ուժերը` «Իմ քայլը», ԲՀԿ-ն, «Լուսավորը»։ Վերջինիս նախկինում օգնում էր Գյումրիից պատգամավոր ընտրված Արման Սահակյանը:

Լուրջ շարժերի մեջ է նաեւ Գյումրվա նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Ձեր անունը եւս տրվում է ապագա քաղաքապետի թեկնածուների մեջ՝ ասացինք նրան: «Ո՞վ կըսե»: Բարի լեզուները։ «Օ՜, հլը ե՛ս չիդեմ, ընոնք գիդե՞ն։ Դուք գիդե՞ք` վաղը կենդանի եք մնալու։ Սպասի կենդանի մնանք` Աստված օղորմած է»: Եթե մնացիք կենդանի, կդնե՞ք Ձեր թեկնածությունը։ «Կուզեմ այս պահին քաղաքականությունից հեռու մնամ, որովհետեւ շատ վատ մարդիկ կզբաղվին քաղաքականությամբ»:

Իսկ ճի՞շտ է, որ Դուք ուզում եք ԲՀԿ-ից դուրս գալ։ «Չէ, սուդ է»: Գյումրուց «Իմ քայլի» պատգամավոր Նազելի Բաղդասարյանին եւս հարցրինք` Ձեր անունն էլ է շրջանառվում քաղաքապետի ապագա թեկնածուների ցանկում. կմասնակցե՞ք։ «Քաղաքապետի ընտրությունները 2 տարի հետո են` հոկտեմբերին։ Եթե վաղաժամ զարգացումներ չլինեն, երկու տարին շատ հեռու է, այնպես որ՝ վաղաժամ է այդ մասին խոսելը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...