Ցուգցվանգ՝ «Իմ քայլի» նիստում. Վլադիմիր Վարդանյանը «պարյադըչնի» մարդու համբավ ուներ. «Հրապարակ»

Ցուգցվանգ՝ «Իմ քայլի» նիստում. Վլադիմիր Վարդանյանը «պարյադըչնի» մարդու համբավ ուներ. «Հրապարակ»
Սեպտեմբեր 18 09:30 2019

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախորդ օրը երեկոյան «Իմ քայլը» խմբակցության նիստին զգալի բացականեր են եղել։ «Իմ քայլի» ներկայացուցիչը պատմեց․ «Ցուգցվանգի վիճակ էր, անդրադարձ եղավ երեք խումբ հարցերի. ՍԴ-ի` Հրայր Թովմասյանի նկատմամբ քայլերի հերթականությունը քննարկվեց, եթե կարճ ասեմ` դատարանների դռները փակելու երկրորդ սերիան էր մշակվում։

Որոշվեց, որ պառլամենտը պետք է քաղաքական գնահատական տա թե՛ ՍԴ-ի, թե՛ Հրայր Թովմասյանի գործունեությանը, անհրաժեշտ դեպքում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն օժանդակի, նրա նկատմամբ առկա կոմպրոմատները շրջանառության մեջ դնի, մինչեւ հեռանա։ Սորոսականներն էին հատկապես ակտիվ։ Վանեցյանից հետո նրանց ոգեւորությանը չափուսահման չկար։

Որոշում կայացվեց` մեկ մարդու նման 88 պատգամավորներն էլ պետք է անդրադառնան, «ոչնչացնեն» Հրայր Թովմասյանին իրենց ՖԲ էջերում, բանավոր խոսքում։ Դա էր պատճառը, որ նիստից անմիջապես հետո մեկ դյուժին գրառումներ եղան,  տարօրինակ էր իրավական հանձնաժողովի նախագահ` ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Վլադիմիր Վարդանյանի պահվածքը՝ ինքն էր հիմնավորում ՍԴ-ի դեմ արշավի իրավական հիմքերը։

«Պարյադըչնի» մարդու համբավ ուներ, բայց վերցրեց ու ասաց, որ ԱԺ-ն միակ լեգիտիմ մարմինն է, որն իրավունք ունի պահանջելու ՍԴ նախագահի հեռացումը։ Անդրադարձ եղավ նաեւ դատաիրավական բարեփոխումների խնդրին, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի` առաջիկայում ԱԺ բերելիք օրինագծերին: Քննարկված գլխավոր հարցերից մեկն էլ Քոչարյանի՝ կալանքից ազատման խնդիրն էր։ Մոտեցումը մեկն էր` ամեն ինչ պետք է անել, որ նա կալանքից չազատվի, գործը քննող դատավորին ամեն գնով պետք է «հասկացնել»` Քոչարյանը չարիք է եւ պետք է անպայման բանտում մնա»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

loading...