Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով


Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու հարց չի քննարկվում. Սեմերիկով
Սեպտեմբեր 12 14:38 2019

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում որևէ երկրին գործընկերոջ, դիտորդի կամ անդամի կարգավիճակ տալու որոշումը կայացվում է կոնսենսուսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:

Անդրադառնալով Ադրբեջանին ՀԱՊԿ-ում կարգավիճակ տալու վերաբերյալ խոսակցություններին` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարն ընդգծեց, որ Ադրբեջանի կողմից որևէ դիմում չի ներկայացվել, և այդ հարցը չի քննարկվել:

 

«Որտեղի՞ց այդպիսի տեղեկություններ: Ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ասել է իր անձնական կարծիքը, և սկսվում է այդ հարցի քննարկումը: Հասկանո՞ւմ եք՝ դա սխալ է: Գոյություն ունեն ընթացակարգային կանոններ, պահանջներ, որոնք ընդունել են ՀԱՊԿ-ի անդամ երկրները և որոնք պետք է անխտիր կատարվեն: Միայն դրանից հետո կարող է քննարկվել կարգավիճակի հարցը»,- ասաց Սեմերիկովը:

Նա շեշտեց, որ հատկապես կարգավիճակի հարցը ընդունվում է կոնսենսուսի խստորեն պահպանմամբ:

«Եթե չլինի ՀԱՊԿ անդամ երկրներից մեկի համաձայնությունը, բնականաբար, որոշում չի լինի: Դրա համար գոյություն ունի կանոնադրություն և պայմանագիր, որով և առաջնորդվում ենք: Դուք, երևի, մի քանի անգամ համոզվել եք. նույնիսկ տեսաք՝ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի նշանակման հարցը ինչքան տևեց: Մինչև մենք կոնսենսուսի չեկանք, և բոլոր անդամ երկրները չստորագրեցին, որոշումը չկայացվեց»,- հավելեց Սեմերիկովը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարի խոսքով` կազմակերպության դռները բաց են բոլոր երկրների համար, և յուրաքանչյուր պետություն կարող է ցանկություն հայտնել դառնալ կազմակերպությունում գործընկեր, դիտորդ կամ անդամ, սակայն կան որոշակի սահմանափակումներ և դրանք բոլորը ներկայացված են նորմատիվ փաստաթղթերում: 

Սեպտեմբերի 10-11-ը Երևանում անցկացվում են ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբի նիստերը, իսկ սեպտեմբերի 12-ին կայացավ ՀԱՊԿ անդամ պետությունների ՌՏՀՄ 17-րդ նիստը:

 

 
 


loading...