Արշակունյաց պողոտայում աղբ դատարկած բեռնատարը եղել է վրացական պետհամարանիշներով. Արմեն Գրիգորյան


Արշակունյաց պողոտայում աղբ դատարկած բեռնատարը եղել է վրացական պետհամարանիշներով. Արմեն Գրիգորյան
Սեպտեմբեր 12 14:16 2019

Երեկ գիշերն Արշակունյաց պողոտայում մեծ ծավալի աղբ դատարկած բեռնատարը եղել է վրացական պետհամարանիշներով։ Ստիպել ենք թափած մեծ ծավալի աղբը կրկին հետ հավաքի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով երեկ համացանցում տարածված հայտնի տեսանյութին։

«Ես չգիտեմ՝ դիտավորություն եղել է, թե ոչ։ Պատկան մարմինները գնացել են այնտեղ, կճշտեն, այդ ամենը կասեն», - նշեց մեր զրուցակիցը։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս են իրենք տեղեկացել միջադեպի մասին, ինչպես են իմացել՝ ո՞ր հատվածում է բեռնատարը դատարկել աղբը, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ այդ մասին տեղեկացրել է իրենց գծային պատասխանատուն։

«Նա շրջում է ամբողջ քաղաքով, թիրախավորում է, թե որտեղ աղբ կա։ Նա է նկատել, ահազանգել է ինձ, ես էլ մոտեցել եմ», - ասաց  «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի ղեկավարը։

Հարցին՝ վարորդից չե՞ն հետաքրրքվել՝ ով է նրան ուղղորդել մեծ ծավալի աղբը թափել աղբամանի շրջակայքում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց, որ վերջինս որևէ ինֆորմացիա չի հաղորդել։

«Ասաց՝ միտումնավոր չի, ուղղակի տեսել է աղբաման է, դատարկել է այդտեղ։ Ավտոմեքենան Վրաստանի պետհամարանիշներով էր: Վարորդը հայերեն չէր խոսում», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանի կողմից երեկ հրապարակված ֆեյսբուքյան տեսանյութը, որում վերջինս ցույց է տալիս, որ ոչ աղբատար բեռնատար մեքենան բերել և մեծ քանակությամբ աղբ է դատարկել Արշակունյանց փողոցի հատվածներից մեկում։

Երեկ իր կողմից տարածած տեսանյութին կից գրառման մեջ Աշոտ Սարգսյանը նման արարքը սաբոտաժ էր որակել։ «Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!», - գրել էր ավագանու անդամը։