ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ն Աղետների դիմակայունության օր նշելու օրենքի նախագիծը


ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ն Աղետների դիմակայունության օր նշելու օրենքի նախագիծը
Սեպտեմբեր 12 11:00 2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց դեկտեմբերի 7-ը որպես Երկրաշարժի զոհերի հիշատակի եւ աղետներին դիմակայունության օր նշելու վերաբերյալ օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծը խորհրդարան է ներկայացվել ՀՀ կառավարության կողմից:

 

«Հաշվի առնելով, որ ներկայումս դեկտեմբերի 7-ը համաձայն «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի՝ նվիրված է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին, ինչպես նաեւ ՀՀ վարչապետի «Աղետներին դիմակայունության օր» միջոցառումների անցկացման ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագծով նախատեսվող իրականացվելիք միջոցառումների ընդհանուր ուղղվածությունը՝ անհրաժեշտություն է առաջացել դեկտեմբերի 7-ը նշել նաեւ որպես Աղետներին դիմակայունության օր»,- նշված է օրենքի նախագծում:

 

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ խորհրդարանն ընդունեց միաձայն:

 

1988 թ. դեկտեմբերի 7-ին, տեղական ժամանակով ժամը 11 անց 41 րոպեին Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ: Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասցված վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։