«Ատլանտյան խորհրդի» ներկայացուցիչները պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացմանը


«Ատլանտյան խորհրդի» ներկայացուցիչները պատրաստակամ են աջակցելու ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացմանը
Սեպտեմբեր 11 19:31 2019

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 11-ին հանդիպել է ամերիկյան «Ատլանտյան խորհուրդ» ուղեղային կենտրոնի փոխնախագահ Դեյմոն Վիլսոնի գլխավորած պատվիրակության հետ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, խորհրդարանի ղեկավարը ողջունել է հյուրերին Հայաստանում եւ շարունակել այն երկխոսությունը, որը սկսվել էր Վաշինգտոնում՝ ԱԺ ղեկավարի աշխատանքային այցի շրջանակներում:

 

Հյուրերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել են, որ թե՛ իրենց կենտրոնում, թե՛ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր մարմիններում մեծ է հետաքրքրությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացների նկատմամբ, այդ իսկ պատճառով իրենք ժամանել են Հայաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող բարեփոխումներին:

 

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել  են նաեւ Հայաստանում տեղի ունեցող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին եւ Արցախյան հիմնախնդրին:

 

Քննարկման ավարտին «Ատլանտյան խորհրդի» ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ԱՄՆ-ում ներկայացնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացները եւ աջակցելու հայ-ամերիկյան հարաբերությունների խորացմանը: