Լեւոն Սարգսյանի նկատմամբ կրկնակի հետախուզումը եւ վերստին կալանավորելու միջնորդությունն աննախադեպ է. փաստաբան


Լեւոն Սարգսյանի նկատմամբ կրկնակի հետախուզումը եւ վերստին կալանավորելու միջնորդությունն աննախադեպ է. փաստաբան
Սեպտեմբեր 11 17:25 2019

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի նկատմամբ կրկնակի հետախուզում է հայտարարվել եւ երկրորդ անգամ կալանավորման միջնորդություն ներկայացվել դատարան, ինչը հայաստանյան իրավակիրառ պրակտիկայում աննախադեպ երեւույթ է, գրում է NEWS.am-ը։

Բանն այն է, որ ՀՔԾ–ում դեռեւս մեկ տարի առաջ հարուցված քրեական գործով, որի շրջանակներում Լեւոն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի հարստացման եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ, նրա նկատմամբ արդեն իսկ դատարանը կալանավորման որոշում էր կայացրել։

Իսկ արդեն այսօր՝ սեպտեմբերի 11–ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը պետք է անդրադառնա Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարության ընթացքում թույլ տրված առերեւույթ չարաշահումների գործով Լեւոն Սարգսյանին կալանավորելու Քննչական կոմիտեի քննիչի միջնորդությանը։

NEWS.am–ի հետ զրույցում Լեւոն Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտնեց, որ չի հիշում դեպք, երբ անձի նկատմամբ, ում վերաբերյալ մեկ այլ գործով արդեն իսկ կալանավորման որոշում է կայացվել, վերստին կալանքի միջնորդություն ներկայացվի եւ նրա նկատմամբ կրկին հետախուզում հայտարարվի։

Փաստաբանը հայտնեց, որ այս հարցը կվիճարկի դատարանում, քանի որ դա հակասում է  անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու օրենքով սահմանված նպատակներին։   

Ամրամ Մակինյանը նաեւ տեղեկացրեց, որ հետախուզման մեջ գտնվող իր պաշտպանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ այն որեւէ աղերս չունի օրենքի հետ։