«Շնորհավոր ծնունդդ, զորավար». Արցախի ազատամարտիկների միություն


«Շնորհավոր ծնունդդ, զորավար». Արցախի ազատամարտիկների միություն
Սեպտեմբեր 11 17:21 2019

Արցախի ազատամարտիկների միության վարչությունը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱՄ նախագահ, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրվա առիթով, որում ասված է. «Այսօր Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Ջամիլի Կարապետյանի ծննդյան օրն է: Մարդ, ով կանգնած լինելով 20-րդ դարավերջին ծավալված Արցախյան ազգային ազատագրական պայքարի ակունքներում, իր գործուն մասնակցությունն ունեցավ ոչ միայն ռազմաճակատի տարբեր հատվածներում կերտված փառահեղ հաղթանակներում, այլև իր հազարավոր համախոհների հետ միասին՝ մարտական գործողություններին զուգընթաց, զրոյից ստեղծեց տարածաշրջանի, թերևս, ամենամարտունակ բանակներից մեկը:

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում հանդիսանալով լեգենդար Կենտրոնական պաշտպանական շրջանի հիմնադիր հրամանատարը, նրա մարտական ուղին ձգվել է Արաքսից Օմար, Ղոչազից մինչև Գյուլիջա, որի ընթացքում ազատագրել է շուրջ երեք տասնյակ հայկական բնակավայր, ոչնչացրել հակառակորդի ավելի քան 60 ռազմական հենակետ, առգրավել կամ շարքից հանել թշնամական մեծաքանակ զրահատեխնիկա և սպառազինություն:

Անուրանալի է Սամվել Կարապետյանի կատարածը նաև խաղաղ բանակաշինության ոլորտում: 2001-ից ստանձնելով ՊԲ հրամանատարի տեղակալի հիրավի պատասխանատու պաշտոնը, հենց նրա անմիջական ղեկավարությամբ հակամարտ զորքերի շփման գծում ծավալվեցին բազմաշերտ պաշտպանական բնագծերի կառուցապատման աշխատանքները և Հայոց արևելյան սահմանները դարձրին անառիկ ու անխոցելի:

Ասվածն իր գործնական արտահայտությունը ստացավ 2016թ. ապրիլյան քառօրյա առճակատման ընթացքում, երբ մինչև ատամները զինված հակառակորդի նախահարձակ գործողությունները, որն ըստ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մշակված պլանի, նպատակաուղղված էին  ազատագրված տարածքների և բուն Արցախի բռնազավթմանը, ոչ միայն չհասան  նախապես պլանավորված ռազմավարամարտավարական գլխավոր նպատակին, այլև մեծաքանակ կենդանի ուժի և սպառազինության կորստի գնով մարտագծի հյուսիսում և հարավում ունեցան դիրքային չնչին առաջընթաց: Իսկ Սեյսուլանի հատվածում, որտեղ մարտերը ղեկավարում էր գեներալ-մայոր Ս. Կարապետյանը, հակառակորդի հաջողությունն ընդամենը ժամերի կյանք ունեցավ:

Այսօր Արցախի հերոս Սամվել Կարապետյանը պաշտոնաթող գեներալ է: Սակայն նրա մարտական ուղին շարունակվում է հայրենապահպանության մեկ այլ ճակատում: Նա ղեկավարում է երեկվա պատերազմի մասնակից հազարավոր ազատամարտիկների մավորող հասարակական կազմակերպություն, որը մշտապես եղելէ, կա ու կլինի պատրաստակամ հարկ եղած դեպքում կրկին կանգնել Հայրենիքի պաշտպանության դիրքերում:

Շնորհավոր ծնունդդ, ԶՈՐԱՎԱՐ: