Դու կարող ես լինել Քոչարյանի քաղաքական մրցակից կամ հակառակորդ, բայց Քոչարյանի ազատության մրցակիցը լինել չես կարող․ Մարինե Սուքիասյան


Դու կարող ես լինել Քոչարյանի քաղաքական մրցակից կամ հակառակորդ, բայց Քոչարյանի ազատության մրցակիցը լինել չես կարող․ Մարինե Սուքիասյան
Սեպտեմբեր 11 11:37 2019

Քաղաքական ղզիկության և տղամարդկության տարբերությունը

Հայաստանում ամենաշատ շրջանառված և գործնականում երբևէ չկիրառված ձևակերպումներից մեկը հետևյալն է. «Պետք է համախմբվել ոչ թե անհատների, այլ գաղափարների շուրջ»։

Այսօր չես կարող քաղաքական հանրային շրջանակներից ակնկալել՝ անվերապահ համախմբվել Քոչարյանի շուրջ։ Բայց համախմբվել Քոչարյանի ազատության գաղափարի շուրջ՝ միանշանակ իրական է։

 

Կա որակական տարբերություն՝ համախմբվել Քոչարյանի շուրջ և համախմբվել Քոչարյանի ազատության շուրջ։

Ազատությունը՝ հենց գաղափարն է։ Այն նշանակում է՝ համախմբվել ընդդեմ դատաիրավական բեսպրեդելի, ընդդեմ ՀՔԾ-ի և դատախազության կամայականությունների, համախմբվել ընդդեմ գործ սարքելու պրակտիկայի, համախմբվել հանուն օրինականության, համախմբվել հանուն դատաիրավական համակարգի անկախության, որ այն կախված չլինի մեկ մարդու ցանկություններից։

Հնարավոր է, արդյո՞ք, այս թեմաների շուրջ լայն կոնսոլիդացիա, որը հասարակությունը կտեսնի հստակ քաղաքացիական ժեստերով։ Տարբեր շրջանակներ, գործիչներ, անհատներ կարո՞ղ են իրենց ժեստերով ցույց տալ, որ հանուն արդարության և ընդդեմ անօրինականության գաղափարը կոնսոլիդացնող թեմա է։ Առանց այս քայլի հնարավոր չէ որևէ հավակնություն ունենալ ապագայում երկրի կառավարման հարցում։

Շենգավիթի դատարանի առջև նստացույց անող երիտասարդները ավելի լավ քաղաքացի են, քան՝ իրենց քաղաքական և հանրային գործիչներ հռչակած շատերը։ Կարելի՞ է գնալ և ուղղակի 5 րոպե լուռ կանգնել այդ երիտասարդների կողքին։ Շատ կարևոր է սկսել անհատական ժեստերի, անհատական քայլի արշավը։ Նորից եմ կրկնում՝ դու կարող ես լինել Քոչարյանի քաղաքական մրցակից կամ հակառակորդ, բայց Քոչարյանի ազատության մրցակիցը լինել չես կարող։ Քոչարյանի փոխարեն կարող է լինել ցանկացած այլ մեկը, և վաղը հենց այդպես էլ լինելու է, եթե այսօր պարտվենք հակաիրավականության և կամայականության դեմ պայքարում։

Մենք զուգահեռ ականատես ենք լինում նաև այլ պրոցեսի, երբ շատերը այսօր իրենց փափուկ տեղերից քննադատում են Քոչարյանի կառավարման տարիները կամ արդյունքները։ Դա դասական «քաղաքական ղզիկություն» է։ Անազատության մեջ գտնվող մարդը օբյեկտիվորեն չի կարող ձեզ պատասխանել, հակափաստարկներ բերել։

Իսկ ակնհայտ ապօրինի անազատության մեջ գտնվողը, ընդհանրապես, շատ ավելի դժվար վիճակում է։ «Քաղաքական տղամարդկությունը» կլիներ այն, որ, անկախ քաղաքական հայացքներից, պայքարեինք իրավական ամենաթողության դեմ, պայքարեինք, որ մարդուն մեկ հոգու ցանկությամբ չփակեին բանտում, իսկ դրանից հետո արդեն հեշտ և ազնիվ կլիներ, արդեն հավասար պայմաններում, նրան ցանկացած սրության քննադատության ենթարկել ու ակնկալել պատասխաններ։

Ի դեպ, բոլորի համար ուզում եմ մեկ անգամ ևս հիշեցնել. եթե դատաիրավական համակարգը կախված է մեկ մարդուց, ապա վաղը շատ արագ նրա թիրախները կարող են փոխվել, և դա այդպես էլ լինելու է։ Չհասցնենք այն կետին, որ վաղը ուրիշի համար պայքարենք, կարելի է ուղղակի մեկ անգամ պայքարել հանուն օրինականության և արդարության։

Մարինե Սուքիասյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»



loading...