Սասուն Խաչատրյանի եւ Վանեցյանի գաղտնալսման մասով գործը բացահայտվել է․ հայտնի է՝ ովքեր են այն արել․ «Ժողովուրդ»


Սասուն Խաչատրյանի եւ Վանեցյանի գաղտնալսման մասով գործը բացահայտվել է․ հայտնի է՝ ովքեր են այն արել․ «Ժողովուրդ»
Սեպտեմբեր 11 09:08 2019

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Այսօր լրանում է Հատուկ քննչական ծառայության պետի եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ աղմկահարույց գաղտնալսման հրապարակման մեկ տարին, սակայն իրավապահ համակարգը լռում է: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություներով` գաղտնալսման մասով հարուցված քրեական գործը բացահայտվել է, սակայն իրավապահներն ու իշխանությունները լռում են:

Իրավապահ մարմինները հիմնավորել են, որ ուժային կառույցների եւ վարչապետի գաղտնալսումը իրականացվել է ԱՊՀ երկրներից մեկից, եւ հայտնի է, թե կոնկրետ ով կամ ովքեր են այն արել: Ասել է թե` գործը ամբողջությամբ բացահայտվել է:

Սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները եւ իշխանությունները լռում են` հնարավոր ներքաղաքական բախումներից խուսափելու եւ երկրում անկայուն վիճակ ստեղծելու հեռանկարից ելնելով:

Հիշեցնենք մեկ փաստի մասին եւս. գաղտնալսման հրապարակումից հետո պաշտոնյաները հրատապ ասուլիս հրավիրեցին: Ի թիվս այլ հարցերի` Սասուն Խաչատրյանը նաեւ մի շարք բացահայտումներ արեց մարտի 1-ի թեմայով, որոնք առավել շիկացրին առանց այդ էլ զգացմունքային թեման:

ՀՔԾ պետը հայտարարել էր. «Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից: Այդ մասին ունենք ապացույցներ հստակ: Տիգրան Աբգարյանը սպանվել է այն ժամանակ, երբ Քոչարյանն արդեն իսկ մտցրել էր արտակարգ դրություն, սակայն որեւէ հրազենային վիրավորում ստացած զինծառայող չկար: Տիգրան Աբգարյանին հրազենային վիրավորում է հասցվել նրա համար, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի այդ խոսքերը, թե մենք արդեն ունենք զոհեր, հիմնավորվի»:

Այս հայտարարությունից եւս անցել է մեկ տարի, եւ եթե ՀՔԾ պետի ասածը ապացուցված է փաստերով, ապա ի՞նչ է արել նախաքննական մարմինը մեկ տարի անց, ինչո՞ւ, օրինակ, Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրված չէ. եթե առաջադրված է, ապա ինչո՞ւ այն չի հրապարակվում: Այս հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժին եւ սպասում ենք վերջիններիս պատասխանին: Պատասխանի դեպքում պատրաստ ենք հրապարակել այն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...