Արկադի Տեր-Թադեւոսյանին և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը


Արկադի Տեր-Թադեւոսյանին և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը
Սեպտեմբեր 10 23:07 2019

Գյումրու ավագանին սեպտեմբերի 10-ի նիստով հաստատեց և միաձայն որոշեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել ՀՀ բանակի գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Հովհաննեսի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս) և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Գրիշայի Մլքեյանին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ներկայացնելով Ռոբերտ Մլքեյանի թեկնածությունը՝ Գյումրու քաղաքապետի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանը փաստեց, որ մեծ է Մլքեյանի դերը Գյումրու սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում:

« Նա եղել է Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը, Գյումրու կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորը։ Նրա ավանդը մեծ է ոչ միայն սիմֆոնիկ նվագախմբի, այլ նաև «Տիրամայր Հայաստան» կենտրոնի երգչախմբի կազմակերպման գործում, մի երգչախումբ, որը տարբեր երկրներում է ելույթ ունեցել՝ վառ պահելով Գյումրիի անունը»,-նշեց Հասմիկ Կիրակոսյանը: Արկադի Տեր-Թադեւոսյանի թեկնածությունը ներկայացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Կոչումները Արկադի Տեր-Թադեւոսյանին (Կոմանդոս), և Ռոբերտ Մլքեյանին կշնորհվի սեպտեմբերի 13-ին՝ Տիգրան Մանսուրյանի համերգից առաջ՝ Գյումրու «Սև Բերդ» ամրոցում։ Ավագանին նիստի ընթացքում նաև «Գյումրու Սպորտ Սիթի» զարգացման հիմնադրամին կառուցապատման իրավունքով տրամադրեց Գյումրի համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակությամբ Գործարանային փողոց N 12 հասցեի 5,5 հեկտար մակերեսով հողամասը՝ մականախաղի մարզական համալիր կառուցելու նպատակով:

Մեկ այլ որոշմամբ ավագանին տարածք հատկացրեց Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցման համար: Պետական միջոցներով Գյումրու Սախորովի անվան հրապարակում կառուցվելու է մարզադպրոցը: Ավագանին քննարկման ներկայացրած բոլոր՝ 31 հարցերն ընդունեց, այդ թվում նաև սոցիալապես 146 ընտանիքի բյուջեից գումար հատկացնելու նախագիծը:



loading...