ՀՀ դեղագործության ոլորտը ԱՀԿ-ից կանոնակարգման երրորդ աստիճան ստանալու ճանապարհին է


ՀՀ դեղագործության ոլորտը ԱՀԿ-ից կանոնակարգման երրորդ աստիճան ստանալու ճանապարհին է
Սեպտեմբեր 10 18:31 2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը սեպտեմբերի 10-ին հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչներին:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ԱՀԿ գլխամասային և եվրոպական տարածաշրջանի գրասենյակների փորձագետների թիմն այցելել է Հայաստան՝ դեղերի շրջանառության կարգավորման համակարգի կառուցվածքն ուրվագծելու նպատակով: Կազմակերպությունն ունի դեղագործական կանոնակարգման հասունության գնահատման մեխանիզմ և երկրներին շնորհում է մակարդակներ:

 

Տարածաշրջանում Հայաստանն առաջին երկրներից մեկն է, որ ծրագրի արդյունքում կարող է ստանալ այդ մակարդակներից երրորդ աստիճանը, ինչը կբարձրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային շուկայում, կմեծացնի հետաքրքրությունը երկրի նկատմամբ և դեղագործության զարգացման համար կարևոր խթան կհանդիսանա:

 

«Ներկայացուցիչները նշել են, որ ծրագրի իրականացման համար նախ հարկավոր է հասկանալ Հայաստանում բժշկական արտադրանքի ընդհանուր կարգավորման շրջանակը: Դրա հիմնական քայլերն են` օրենսդրությունը, կարգավորումը, կառավարումը և մոնիտորինգը:

 

Արսեն Թորոսյանը հաստատել է երկրի պատրաստակամությունը դեղագործական ապրանքատեսակների կանոնակարգման մակարդակը բարձրացնելու նախարարության հանձնառությունը և համապատասխան գերատեսչություններին հանձնարարել քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` հիմնվելով ԱՀԿ խորհուրդների վրա»,- նշված է հաղորդագրության մեջ: