«Երեխան նայում է եւ կարող է մեծանալ ագրեսոր, բռնարար կամ մարդասպան դառնալ». հոգեբանը՝ «Անհասցե ծնվածները» սերիալի դաժան տեսարանի մասին


«Երեխան նայում է եւ կարող է մեծանալ ագրեսոր, բռնարար կամ մարդասպան դառնալ». հոգեբանը՝ «Անհասցե ծնվածները» սերիալի դաժան տեսարանի մասին
Օգոստոս 23 23:59 2019

Ֆեյսբուքյան հարթակում օգտատերերի կողմից քննարկվում էր «Արմենիա» TV-ի «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից մի դրվագ, որտեղ տղամարդը  բռնության է ենթարկում կնոջը: Մասնավորապես, տղամարդը կնոջը հարվածներ հասցնելուց հետո մկրատով վնասում է դեմքը, փորձում է կտրել քիթը եւ այս ամենն արյան դաժան տեսարաններով: Ֆեյսբուքում օգտատերերը քննադատական գրառումներ էին անում եւ նշում սերիալի սցենարիստ Դիանա Գրիգորյանին, բայց նա որեւէ կերպ չէր արձագանքում: 

Հոգեբան Արկադի Մեհրաբյանն ArmDay.am-ի հետ զրույցում ասաց, որ նմանատիպ ագրեսիվ ֆիլմերի ցուցադրությունը պետք է արգելվի:  «Ճիշտ է գրում են՝ 12+, 18+ եւ այլն, բայց էլի նայում են: Վաղ մանկության տարիքում կարող է առաջացնի  նման վարքագիծ, ինչը ցուցադրում են: Երեխան նայում է, եւ դա իր համար դառնում է նորմալ, կարող է մեծանալ ագրեսոր, բռնարար կամ մարդասպան դառնալ: Մեծ տարիքում կարող է վախեր առաջացնի, եթե նյարդային խնդիրներ ունեն: Երեխաների մոտ եթե վախեր ձեւավորվեն, կարող է խոսքը խանգարվի»,- վտանգների մասին խոսելիս՝ նշեց հոգեբանը: 

Հոգեբանը չբացառեց, որ սերիալն այնքան կազդի դիտողի հոգեբանության վրա, որ նա կվախենա տանից դուրս գալ, որովհետեւ կմտածի, որ իրեն կբռնեն, կմորթեն: «Գուցե երեխաները սկսեն վատ երազներ տեսնել եւ վախենալ քնել, կմտածեն, որ իրենց քնած ժամանակ մորթելու են: Արյան տեսարանները տպավորիչ են եւ հնարավոր է, որ երեխան մեծանա եւ  չամուսնանա, ընկեր չունենա»,- եզրափակեց նա:

Ամբողջ օրվա ընթացքում փորձեցինք կապ հաստատել նաեւ Դիանա Գրիգորյանի հետ, բայց նա մեր զանգերն անպատասխան թողեց:



loading...