Նոր ավտոբուսը սեպտեմբերից հիմնական երթուղի դուրս կգա


Նոր ավտոբուսը սեպտեմբերից հիմնական երթուղի դուրս կգա
Օգոստոս 23 14:25 2019

Հուլիսի 12-ին Երևանում փորձնական երթուղի դուրս եկած MAN մակնիշի նոր ավտոբուսը հիմնական ուղեւորափոխադրումներ կիրականացնի սեպտեմբերից: Այս մասին ArmDay.am-ի հարցին ի պատասխան փոխանցեց «Բաս Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանը: 

Հիշեցնենք, որ ընկերության ավտոբուսը փորձնական երթուղի էր դուրս եկել մեկ օրով և սպասարկում էր N 26 երթուղին, որը սպասարկում էր  Հարավ-արևմտյան թաղամասից մինչև Նորքի 9-րդ զանգված հատվածը:

«Բաս Վոյաժ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Մանուկյանն ասաց, որ թեեւ երթուղին սպասարկելը եկամուտ չի ապահովում, բայց այնուամենայնիվ, ավտոբուսը ուղեւորափոխադրումներ կիրականացնի: 

«Երեւի թե սեպտեմբերի սկզբները երթուղի դուրս կգա: Ամեն դեպքում ինքը ձեռնտու չի, 100 դրամով նման ավտոբուս Երեւանում շահագործելը ձեռնտու չի: Բայց որպես ժողովրդին նվեր, երթուղի ենք դուրս գալու»,- ասաց նա: 

Տնօրենի փոխանցմամբ՝ մտադրություն են ունեցել որ երթուղի հանել մի քանի ավտոբուս, բայց շահավետ չլինելու պատճառով միայն մեկ կսպասարկի երեւանցիներին:  «Եթե ժողովուրդը ցանկանար, քաղաքապետարանը թույլ տար, որ երթեւեկության գինը բարձրանար նմանատիպ ավտոբուսների համար, ապա մենք պատրաստ էինք ներդրում անել եւ ավելի շատ ավտոբուսներ բերելու: Հիմա 100 դրամով ձեռնտու չի, հազիվ զրո ենք փակում: Մենք գրպանից գումար չենք դնում, բայց ինքը վարորդի աշխատավարձը եւ վառելիքի գումարը հազիվ է հանում»: 

Տնօրենն ասաց, որ վերջնական պարզ չէ՝ ավտոբուսը հիմնական երթուղի դուրս կգա 26 համարի գծով, թե այլ երթուղիով: