Ֆրանկ Էնգելը հայուհի տիկնոջ հետ հետևել է «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղին


Ֆրանկ Էնգելը հայուհի տիկնոջ հետ հետևել է «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» խաղին
Օգոստոս 23 16:45 2019

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի «Արարատ-Արմենիա»-ի և Լյուքսեմբուրգի «Ֆ91 Դյուդելանժ»-ի հանդիպմանը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հետևել է նաև Լյուքսեմբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Էնգելը նշեց, որ այս խաղն ու անցկացման վայրը հատուկ նշանակություն ունեն, իսկ խաղի կարևորությունն ընկերական միջավայրն է:

 

«Այս խաղի կարևորությունն ընկերությունն է։ Մենք եկել ենք որպես ընկեր և զգում ենք այստեղ ընկերական մթնոլորտը։ Թիմերից մեկը հաղթելու է, սակայն մյուսի չհաղթելու դեպքում էլ մնալու ենք ընկերներ»,- նշեց նա:

 

 

Ֆրանկ Էնգելը դժվարացավ նշել, թե որ թիմը երկու խաղի արդյունքում հաղթող կճանաչվի:

 

«Արարատ-Արմենիան ուժեղ թիմ է, և, եթե հաղթի, ապա արժանի կլինի այդ հաղթանակին»,- ասաց Էնգելը:

 

Լյուքսեմբուրգում ՀՀ պատվավոր հյուպատոս Ֆրանկ Էնգելի հետ միասին Երևանում ընթացող խաղը դիտում էր նաև ՀՀ-ում Լյուքսեմբուրգի պատվավոր հյուպատոս Սուրեն Զոհրաբյանը:

 

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ-ի «Արարատ-Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» ֆուտբոլային դիմակայության առաջին հանդիպումը Երևանում ավարտվեց 2։1 հաշվով՝ հայկական թիմի հաղթանակով։ Թիմերի միջև պատասխան հանդիպում կկայանա օգոստոսի 29-ին, Լյուքսեմբուրգում: Դիմակայության արդյունքում հաղթողը կստանա Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր:



loading...