ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է աշխատելու մոնիտորինգը


ՀՀ վարչապետը հայտնեց, թե Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ինչպես է աշխատելու մոնիտորինգը
Օգոստոս 23 13:15 2019

Ջերմուկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ու զրուցեց Ամերիկայի Միացյալ Նահանգներից Հայաստան մշտական բնակության եկած մի կնոջ հետ, ով իր մտահոգությունը հայտնեց Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ամերիկահայ կինը նշեց, որ իր միակ հույսն այն է, որ Հայաստանը լինի էկոլոգիապես մաքուր երկիր, և այդ ցանկությունը ունեն նաև ԱՄՆ-ում ապրող մյուս հայրենակիցները:

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստանի իշխանությունները որդեգրել են «էկո Հայաստան» քաղաքականությունը. այդ մասին գրված է նաև նախընտրական ծրագրում:

 

Վարչապետի խոսքով` կառավարությունը խնդիր է դրել, որ Ամուլսարի հանքի շահագործումը  որևէ ազդեցություն չունենա շրջակա միջավայրի վրա:

 

«Իսկ ինչպես ենք կարողանալու դա ապահովել: Ինձ ասում են, որ ըստ պլանի` գոյություն ունի ամենօրյա, ամենշաբաթյա և ամենամսյա մոնիթորինգ: Սա նշանակում է, որ փորձագիտական խումբը պետության հովանու ներքո գնալու է և այդ դաշտից խոտ է վերցնելու և լաբորատոր հետազոտություն է իրականացնելու: Եթե պարզվի, որ այդ խոտի վրա նստած փոշին ավելին է, քան միջազգային ստանդարտներով սահմանվածը, ուրեմն 90 օր տրվելու է այդ խնդիրը վերացնելու , և եթե չի վերացվում այդ խնդիրը, հանքը փակվում է լրիվ օրինական հիմունքներով»,- ասաց  Փաշինյանը:

 

Նա նշեց, որ փորձագիտական խմբի մեջ մտնելու են «Լիդիան Արմենիա» ընկերության, Կառավարության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:

 



loading...