Բաբկեն Թունյանի հարևան Պողոսն ու հանրային մտածողության կրող ճարտարապետը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել. «Հրապարակ»


Բաբկեն Թունյանի հարևան Պողոսն ու հանրային մտածողության կրող ճարտարապետը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել. «Հրապարակ»
Օգոստոս 23 09:03 2019

«Հրապարակ»-ը գրում է․

«Զրուցակիցս ճարտարապետ է: Այսինքն՝ ընդունված չափանիշնե­րով՝ հայաստանյան ինտելիգենցիա­յի ներկայացուցիչ: Եկել է թերթի խմբագրին հարցեր տալու, որոնք իրականում հռետորական հարցեր են: Ասում է՝ ո՞նց պատահեց, որ հանկարծ միանգամից երկրով մեկ հրդեհներ բռնկվեցին, ջրի ու հոսանքի անջատումներ են, մարդիկ են գործա­զուրկ դառնում, Ղարաբաղի հարցը տեղից չի շարժվում, աշխատավարձը չի բարձրանում, բայց գներն աճում են և այլն: Փորձում եմ իր բարձրացրած խնդիրներն առանձնացնել և առա­ջարկում եմ բոլորը մի «զամբյուղի» մեջ չդնել: Բայց նա իր ուրույն բա­ցատրությունն ունի և պատրաստ չէ լսել իմ կարծիքը: 

Ասում է՝ մեզ պա­տուհասած բոլոր չարիքները նույն աղբյուրից են ծագում, և դրանց անունն է ՀՀԿ: Ասում է՝ սա կազմա­կերպված սաբոտաժ է՝ «խեղճ Նիկոլն ի՞նչ անի», նախկինները փորձում են տապալել նրան ու վերադառնալ, դրանից էլ՝ այս բոլոր հրդեհները, անջատումները, վթարներն ու պարալիզացված վիճակը: 

Սա է մեր հանրային վերլուծության մակարդա­կը, և որքան էլ փորձես մարդուն բացատրել, որ եթե այդքան հզոր լինեին նշված քաղաքական ուժն ու նրա առաջնորդը, ապա այդքան հեշտությամբ չէին հանձնի իշխա­նությունը, կամ ո՞ւր են այդ ամենա­կարող հանրապետականները, որոնց մենք չենք ճանաչում, չենք տեսնում մեր շուրջը: 

Եվ իզուր են այս օրերին ոմանք վրդովվում ԱԺ պատգամա­վոր Բաբկեն Թունյանի գրառումից, որ՝ «Ես չեմ ուզում, որ իմ հարևան անգրագետ Պողոսը՝ իր անգրագետ բազմամարդ ընտանիքով, ավելի մեծ դեր խաղա կոնկրետ էս հարցում որո­շում կայացնելու գործում, քան ես»: Անշուշտ, իշխանության ներկայա­ցուցիչը պետք է հարգալից լինի ՀՀ բոլոր քաղաքացիների նկատմամբ, բայց ինձ այցելած ճարտարապետն ու Թունյանի հարևան Պողոսը չեն կարող երկրի համար ճակատագրական որոշումներ կայացնել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: