Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանները


Ովքեր են աշխարհի ամենաբարձր վարձատրվող դերասանները
Օգոստոս 23 00:37 2019

Հոլիվուդյան դերասան Դուեյն Ջոնսոնը, Forbes-ի վարկածով, դարձել է տարվա ամենաբարձր վարձատրվող դերասանը: Հանդեսը ներկայացրել է հերթական վարկանիշը եւ աստղի վաստակը գնահատել է 89,4 մլն դոլար:

Ընդ որում՝ այս տարի նրա վաստակը զիջել է անցյալ տարվա ցուցանիշին. 2018 թվականին նա վաստակել էր 119 մլն դոլար, բայց այն ժամանակ դա միայն երկրորդ տեղն էր:

Մեկ տարի առաջ առաջատարը Ջորջ Քլունին էր, որը 2019 թվականին ընդհանրապես դուրս է մնացել տասնյակից: Ջոնսոնին հաջողություն է բերել մասնակցությունը «Ֆորսաժ. Հոբս եւ Շոու» եւ «Երկնաքեր» ֆիլմերին, նա հանդես Է եկել որպես «Պայքար իմ ընտանիքի դեմ» եւ «Շազամ» կինոնկարների պրոդյուսեր:

Իսկ 2019 թվականի դեկտեմբերին նրա մասնակցությամբ կթողարկվի «Ջումանջի. նոր մակարդակ» ֆիլմը:

Երկրորդ տեղն զբաղեցրել է ավստրալացի դերասան Քրիս Հեմսվորթը, որը 2011 թվականից Թորին է մարմնավորում կոմիքս-ֆիլմերում եւ անցյալ տարվա ընթացքում վաստակել է 76,4 մլն դոլար:

Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ռոբերտ Դաունի-կրտսերը՝ 66 մլն դոլար ցուցանիշով եւ «Երկաթե մարդու» կերպարի նոր մարմնավորմամբ:

Նրան հաջորդում է հնդիկ դերասան Աքշայ Կումարը. Բոլիվուդի աստղը վաստակել է 65 մլն դոլար:

Նա առաջ է անցել Ջեքի Չանից (58 մլն դոլար), որը շարունակում է ակտիվորեն նկարահանվել ՉԺՀ-ում եւ մասնակցել է «Վիշապի դրոշմի գաղտնիքը» ռուս-չինական նախագծին, ինչպես նաեւ «Ստվերների ասպետը. Ինի եւ Յանի միջեւ» չինական կինոնկարին: Այնուհետեւ գալիս են Բրեդլի Քուփերը եւ Ադամ Սենդլերը, որոնք 57 մլն դոլար վաստակով բաժանել են վեցերորդ դիրքը: Ութերորդ տեղում Marvel-ի աշխարհի հերթական գերհերոս Քրիս Էվանսն է (43,5 մլն դոլար): Նրան հաջորդում է նրա գործընկերը՝ «Մրջյուն-մարդ» Պոլ Ռադը (41 մլն դոլար) եւ տասնյակը եզրափակող Ուիլ Սմիթը (35 մլն դոլար), որը ջինի դերակատարն է «Ալադին»-ում:

Վարկանիշը կազմելիս հաշվի է առնվել ոչ միայն կինոնախագծերին մասնակցությունից վաստակը, այլեւ մյուս եկամուտները, օրինակ՝ գովազդից, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը:

168.am