Կենտրոն վարչական շրջանի հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցներն այսօր այցելել էին Սվետա Հակոբյանի բնակարան, որպեսզի նրա երկու անչափահաս թոռներին տեղափոխեն ՀՕՖ-ի կացարան, գրում է aravot.am-ը:
Փոքրիկները տագնապած սպասում էին, ինչպես Aravot.am-ի հետ զրույցում ասացին հենց երեխաները, մի քանի «ձյաձյա» հիմա-հիմա իրենց տանելու են մանկատուն: Մոր մահից հետո երեխաները բնակվում են մայրական կողմից տատիկի՝ Սվետա Հակոբյանի եւ մորեղբոր հետ նրանց բնակարանում: Թեեւ Կենտրոն վարչական շրջանի իրավաբանական բաժնի պետ Արամ Մարտիրոսյանի, ոստիկանների ու հոգաբարձության եւ խնամակալության հանձնաժողովի աշխատակիցների այցելության պահին երեխաներն առանձին սենյակում էին, սակայն նրանք լսում էին, թե կողքի սենյակում ինչ է կատարվում: Մարտիրոսյանը նախ ներկայացրեց՝ իրականացնում են Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով վկաներ՝ անչափահաս Տ.Ա.-ի եւ Ա.Ա.-ի նկատմամբ պաշտպանության միջոց ձեռնարկելու գործողությունը: Քննիչը որոշել է՝ անչափահաս երեխաների համար ընտրել բնակության այլ վայր՝ ՀՕՖ երեխաների աջակցության կենտրոն:
Երեխաների մայրը՝ Մելինե Աղաջանյանը մահացել է 2017-ի օգոստոսին, իր մահճակալում: Հունիսի 11-ին Աղաջանյանի մահվան հանգամանքների եւ հարուցված գործին էին անդրադարձել Սվետա Հակոբյանի փաստաբանները, որոնք պնդում էին՝ քրեական գործի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք կոպիտ իրավական բացթողումներ:
Նախ՝ Մելինեի ամուսնուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով` կնոջը պարբերաբար բռնության ենթարկելու, խոշտանգելու համար: Հետագայում մեղադրանք է առաջադրվել մահացած Մելինե Աղաջանյանի մորը՝ Սվետա Հակոբյանին եւ եղբորը`Արթուր Աղաջանյանին՝ Մելինե Աղաջանյանի նկատմամբ իբր բռնություն կիրառելու, ազատությունից ապօրինի զրկելու, անզգուշությամբ մահ պատճառելու համար:
Աղբյուր՝ aravot.am