Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են


Թուրքիայի մի շարք քաղաքներում հակակառավարական ցույցեր են
Օգոստոս 20 22:42 2019

Թուրքիայի մայրաքաղաքում, Վանում, Ստամբուլում, Մարդինում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել բողոքի միջոցառումներ՝ ընդդեմ ներքին գործերի նախարարության՝ Մարդինի, Դիարբեքիրի, Վանի քաղաքապետների պաշտոնանկության որոշման:

Ոստիկանությունը ցրել է տարբեր քաղաքներում իրականացվող ցույցերը և բազմաթիվ ցուցարարների բերման ենթարկել: Նշվել է, որ Դիարբեքիրում բազմաթիվ բերման ենթարկված քաղաքացիների շարքերում կան նաև տարեց կանայք: 

Երկրի որոշ շրջաններում արգելվել է ցույցերի ու հավաքների անցկացումը, մասնավորապես Իզմիրի նահանգապետարանը 10-օրյա ժամկետով արգելել է որևէ ցույց և հավաք իրականացնել, իսկ Մարդինում արգելքը սահմանվել է մեկամսյա ժամկետով: Իսկ Դիարբեքիրում քաղաքապետարանի առջև հավաքված ցուցարարների դեմ կիրառվել են ջրցան մեքենաներ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը պաշտոնից հեռացրել էր Մարդինի, Դիարբեքիրի և Վանի քաղաքապետներին, որոնք ներկայացնում են քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP): Այդ որոշման համար որպես հիմնավորում նշվել է, որ քաղաքապետների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու», «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» հոդվածներով:

ermenihaber.am