Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնասել դեմքը


Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնասել դեմքը
Օգոստոս 20 21:00 2019

Շիրակի մարզի Հառիճ գյուղում շունը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու վնաս պատճառել: Դեմքի, գլխի, ծոծրակին հասցված վնասվածքներով Գևորգ Մինասյանը տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Հոսպիտալացումից հետո առաջին բանը, որ արել են բժիշկները, եղել է փայտացման և կատաղության դեմ ներարկումը: Վերքերը բուժելուց հետո սպասվում են քթի մի քանի վիրահատական միջամտություններ: Շան կծոցից առաջացել է հյուսվածքային լուրջ դեֆեկտ, բարեբախտաբար՝ շնչուղիներին վնաս չի հասցվել: Պլաստիկ վիրաբույժը երկարատև բուժում է նախանշում:

«Հիմա ինքը կոնսերվատիվ բուժման մեջ է, հետագայում արդեն պարզ կլինի, թե ինչ ծավալի միջամտություններ են հարկավոր, քթի հատվածում մենք ունենք հյուսվածքային դեֆեկտ, հետագայում փորձելու ենք այդ դեֆեկտը վերացնել»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Գյումրի բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Դավիթ Սմոյանը։

Իսկ թե ինչպես է տեղի ունեցել դեպքը, Գևորգի հայրն է պատմում, տղան չուզեց խոսել ու վերհիշել կատարվածը։ Հառիճ գյուղում այս դեպքը խոսակցության թեմա է դարձել: Բոլորն են ցույց տալիս այն տան բակը, որտեղ պահվում է շունը: Պարզվեց՝ տանն ապրողներ չկան, անբնակ տան հսկիչն այս խոշոր ու վտանգավոր շունն է: Բոլորն էլ հաստատեցին, որ շատ հաճախ շունը կապը պոկում է ու շրջում գյուղում: Հարձակման դեպքեր էլի են եղել:

 

«Տղաս ուզեցել է տատիկի տուն գնա, բարձրացել է էն կողմով, որտեղ շանն են կապած եղել, պոկվել է կապից ու ընկել տղայիս հետևից, հասել է, թաթերով խփել է, գցել տղիս ու դեմքը բռնել։ Մեր պահանջն է՝ տեր լինեն իրենց շանը, սաղ գյուղն է բողոքում, դուք էլ լսեցիք բոլորին, որ այդ շունը միշտ կապից պոկվում է, մարդանց վրա հարձակվում։ Գյուղապետին էլ ասել ենք, որ խնդրով զբաղվի, բայց ոչ մի բան էլ չեն անում, հո գյուղացիները կրակը չե՞ն ընկել էդ շան ձեռքը։ Գյուղը վախի մեջ է ապրում»,- ասել է Վալերի Մինասյանը։ Տղային օգնության հասած հարևաններից մեկը շան տիրոջ խնամին է: Տերերը գյուղում չեն ապրում: Խնամիները հրաժարվում են շանը տիրություն անել, թեև իրենք էլ շատ մոտ են ապրում այդ տանը: Բողոքող գյուղացիներն էլ հարձակման ամեն դեպքից հետո խնամիներին են դիմում: Իսկ հարձակման պահին շունը կատաղա՞ծ է եղել, թե՞ ոչ, ի հայտ կգա դեպքից 15 օր անց. եթե շունը սատկեց, ուրեմն կատաղած է եղել:

 SHANTNEWS.am



loading...